«Վարդանիկի ոջիլի պատմությունն է». Դավիթ Բաբայանը՝ Ադրբեջանի կողմից «գրավյալ տարածքներից» հայկական զորքերի դուրսբերման հարցը բարձրացնելու մասին
«Իհարկե, նախագահ Սերժ Սարգսյանի այցն Արցախ պատահական չէր, ավելին, սպասելի էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով մի շարք վերլուծաբանների և քաղաքագետների գնահատականներին, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցն Արցախ պատահական չէր, և այն ազդանշան է, որ լուրջ զարգացումներ կան Արցախի հիմնահարցի կարգավորման շուրջ:
Դ. Բաբայանի խոսքով՝ Սերժ Սարգսյանն այցելել է, որպեսզի մասնակցի Արցախի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձի միջոցառումներին, իսկ այն հստակ է և պատահական չի կարող լինել, կա ֆիքսված օր.
«Իսկ մնացած քննարկումները, ավելի շատ գուշակությունները և այլ խնդիրներ թողնենք այդ վերլուծաբաններին, այլ բան այստեղ մեկնաբանելու կարիք էլ չկա, որովհետև չի համապատասխանում իրականությանը, և լուրջ չեն նման, այսպես կոչված, «վերլուծությունները»»:
Հարցին, թե ի՞նչ հարցեր են քննարկվել Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի միջև հանդիպման ժամանակ՝ Դ. Բաբայանն այսպես արձագանքեց. «Ի՞նչ հանդիպման ժամանակ, եթե ինքը լիներ պաշտոնական հանդիպում, մենք միշտ տարածում ենք, չէ՞: Իհարկե, երբ նախագահները գալիս են, քննարկում են տարբեր հարցեր, հիմնականում այդ հարցերը վերաբերում են երկու հայկական պետությունների փոխգործակցությանը, և տարբեր այլ տիպի հարցեր, բայց այսպես կոնկրետ հարցեր, առավել ևս՝ կարգավորման հետ կապված ինչ-որ լուրջ սպասելիքներ, հերիք է էլի, մի քիչ պետք է լուրջ վերլուծեն այդ ամենը»:
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է նա պայմանավորում այն, որ արդեն մի քանի ամիս է՝ ադրբեջանական կողմը ձեռնպահ է մնում սահմանին լուրջ միջադեպեր հրահրելուց: Ի պատասխան՝ Դ. Բաբայանն ասաց. «Ոչ թե զերծ է մնում, իրենք միշտ էլ փորձեր կատարում են, մեկ րոպե անգամ չեն դադարեցնում, պարզապես այնպես է, որ մենք ամրացրել ենք սահմանները, տեսնում եք՝ կրակել էին նույնիսկ ԵԱՀԿ-ի դիտորդների վրա»:
Մեր այն դիտարկմանը, թե կարծիք կա, որ Ադրբեջանի սպասողական այս վիճակը պայմանավորված է հենց ղարաբաղյան հարցով ակնկալվող զարգացմամբ, որին այդպես պատրաստվում են նաև Հայաստանում և Արցախում՝ Դ. Բաբայանն այսպես արձագանքեց.
«Ընդհանրապես, որևէ բեկում վաղաժամ է, և դրա մասին բազմիցս ասել ենք, դա որևէ կապ չունի Ադրբեջանի պահվածքի հետ: Ադրբեջանը, ընդհակառակը, երբ հանդիպումներ են նախապատրաստվում, անպայման կա՛մ դրանից առաջ, կա՛մ հետո, կա՛մ այդ հանդիպումների ժամանակ սովորաբար դիմում է ապակառուցողական քայլի»:
Հիշեցնենք, որ առաջիկայում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում Նյու Յորքում:
Դ. Բաբայանը, անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, որ հանդիպումը համաձայնեցված է, և, որ դրա ընթացքում քննարկվելու է «գրավյալ տարածքներից» հայկական զորքերի դուրսբերման հարցը՝ ասաց.
«Ադրբեջանը միշտ էլ քննարկում է այդ հարցը, անընդհատ այդ երգն են երգում՝ անկախ նրանից, թե ինչ հանդիպում է, եթե վաղը լինի, ասենք, մանկապարտեզների զարգացման միջազգային ինչ-որ կոնֆերանս, անպայման Ադրբեջանի պատվիրակությունն այդ հարցը բարձրացնելու է: Կապ ունի՞ հանդիպման թեման դրա հետ, ինչ-որ միջոցառման բովանդակությունն առնչվո՞ւմ է այդ թեմայի հետ, թե՞ ոչ, սա չի հետաքրքրում պաշտոնական Բաքվին, հետևաբար՝ ամեն նման հանդիպման ժամանակ, իհարկե, պաշտոնական Բաքուն կլիշե դարձած հարցեր ունի, որոնց մասին խոսում է, Վարդանիկի ոջիլի պատմությունն է: Այն, որ այդ հարցը կարող է քննարկվել, որովհետև Ադրբեջանը միշտ այդ մասին խոսում է, չի նշանակում, որ այդ հարցն է լինելու հիմնական թեման: Ընդհանրապես մոտ ժամանակներս բեկում ակնկալելու հիմք, իհարկե, չկա: Դրա համար, ըստ երևույթին, հիմնական թեման լինելու է կայունության և խաղաղության պահպանման և ամրապնդման հետ կապված»: