«Ինչքա՞ն է Հայաստանը պատրաստվում բոլոր եղած շանսերը կորցնել»
Ինչպես հայտնի է՝ Հայաստանը պատրաստվում էր մասնակցել սեպտեմբերի 3-11-ը Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին: Սակայն aliq.ge-ի տեղեկություններով` Վրաստանի, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի և Ադրբեջանի մասնակցությամբ զորավարժություններին Հայաստանը զորախումբ չի ուղարկել:
«Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր-նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանի կարծիքով՝ Հայաստանի նման որոշման մեջ եղել է արտաքին ազդեցություն։
«Միջանձնային հարաբերությունների մեջ պայմանավորվածությունը չպահելը լավ չի դիտարկվում, առավել ևս՝ միջպետական հարաբերություններում։ Այստեղ ես դեռ մի կողմ եմ դնում սուվերեն որոշում կայացնելու կարողությունը, բայց քանի որ հայկական կողմը տվել էր համաձայնություն և վերջին պահին հրաժարվեց դրանից, ես դա բացասական եմ գնահատում։ Դա ցույց է տալիս պետության անկազմակերպվածությունը։ Եթե չպետք է մասնակցեր, ուրեմն՝ չպետք է համաձայնություն տար։ Ես կարող եմ ենթադրել, որ նման որոշում կայացնելու մեջ եղել է արտաքին ազդեցություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նա։
Պապյանի կարծիքով՝ հատկապես նկատելի է, որ Հայաստանի՝ նախորդ զորավարժություններին մասնակցելը ՌԴ-ի կողմից բավական դժգոհությամբ ընկալվեց.
«Նաև Հայաստանի գործընթացների վերաբերյալ վերջին մի քանի դիտողություններն են դա ցույց տալիս։ Ես կուզեի, որ Հայաստանը մասնակցեր, առավել ևս չէի ուզի, որ հրաժարվեր վերջին պահին, որովհետև մեկնաբանությունների տեղիք է տալիս»։
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը համակարծիք էր Պապյանի հետ՝ արտաքին ճնշումներն իրենց զգացնել են տվել.
«Բայց ինձ համար խնդիրը նաև այլ դաշտում է՝ ինչքա՞ն է Հայաստանը պատրաստվում բոլոր եղած շանսերը, որ ստանում է սեփական հզորությունը զարգացնելու համար, բաց թողնել, կորցնել, չօգտագործել։ Ես այս հրաժարումը դիտարկում եմ՝ հերթական մեկ շանսի բացթողում, որը կօգներ Հայաստանին ինչ-որ չափով հզորանալ, զարգանալ, ամրանալ, ավելի ուժեղանալ։ Ամեն շանս բաց թողնելով՝ մենք ձևավորում ենք մի իրավիճակ, որտեղ ուրիշներն իրենց շահերն առաջ տանելով՝ կարող են ճնշումների դաշտ ձևավորել, որտեղ Հայաստանը մեկ օրվա մեջ ստիպված է լինելու վախերից, ունակությունների թուլությունից նորից ինչ-որ բանից հրաժարվել։ Ես դիտարկում եմ, որ մենք իրավունք չունենք որևէ շանս բաց թողնել»։