«Ղարաբաղի խնդրի դիվանագիտական լուծումը տեսանելի ապագայում անհնարին է». Անդրեյ Էպիֆանցև

Հարցազրույց ռուսաստանցի քաղաքական գործիչ, Կովկասի հարցերով փորձագետ, «Alte et Certe» վերլուծական կենտրոնի ղեկավար Անդրեյ Էպիֆանցևի հետ

– Պարոն Էպիֆանցև, Բաքվի պահանջով ԵԱՀԿ երևանյան գրասենյակը երեկ դադարեցրեց իր գործունեությունը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ստեղծված իրավիճակը։  

– Ընդհանուր առմամբ, այդ իրադարձությունը բացասական եմ գնահատում։ Ակնհայտ է, որ այդ քայլը Հարավային Կովկասում չի նպաստի խաղաղությանն ու հաշտությանը։ Մյուս կողմից՝ պետք է հասկանալ, որ գրասենյակի փակման հիմնական պատճառը, որպես այդպիսին, Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ-ի գործունեության հետ Բաքվի անհամաձայնությունը չէր և ոչ էլ այն, որ գրասենյակի փակման համար Բաքուն օգտագործեց ԵԱՀԿ-ի կանոնակարգի ֆորմալ իրավական հնարքները, այլ դա միայն Ղարաբաղյան հակամարտության ընդհանուր չկարգավորվածության հետևանք է։

Այն իրավիճակում, երբ հակամարտության երկու կողմերը հաստատուն կանգնած են իրենց դիրքորոշումներում և պատրաստ չեն փոխզիջումների, նրանք երկուսն էլ, միանգամայն բնական է, փնտրելու են հակառակորդի դիրքերը թուլացնելու, նրա կյանքը բարդացնելու և զուգահեռաբար տարածքների հանդեպ սեփական իրավունքները հաստատելու հնարավորություններ։ Հենց այս տեսանկյունից պետք է դիտարկել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակումը, և, հավանաբար, սա վերջին փորձը չէ, երբ Ադրբեջանը ձգտելու է Հայաստանի դեմ քայլեր ձեռնարկել։

Այլ հարց է, որ փաստացի հանգամանքները, որոնց պատճառով Բաքուն պահանջեց փակել գրասենյակը, գոյություն ունեին վաղուց, բայց Բաքուն չէր դիմում այդ քայլին, իսկ հիմա որոշեց անել դա։ Ինչո՞ւ։ Ինձ թվում է, որ ավելի վաղ Բաքուն, ամեն դեպքում, հույս ուներ կամ ձևացնում էր, թե հույս ունի, որ կարող է Ղարաբաղի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ իր ցանկալի տարբերակով, և այդ դեպքում նման քայլը կարող էր զայրացնող լինել ինչպես՝ միջազգային միջնորդների համար, այնպես էլ՝ հայկական կողմի համար։

Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ խնդրի դիվանագիտական լուծումը, ամեն դեպքում՝ տեսանելի ապագայում, անհնարին է, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանի համար զսպող որոշ գործոններ վերացել են, և այժմ նա փորձելու է իր նպատակին հասնել այլ ուղիներով, այդ թվում՝ նման կերպով «հետապնդելով» Հայաստանին միջազգային ասպարեզում։ Այդ զսպաշապիկի վերացումն ինքնին վտանգավոր է Հայաստանի համար, բայց Երևանն իրեն պետք է հաշիվ տա, որ անվերջ ձգձգումների քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման շուրջ բանակցությունների փաստացի իմաստազրկումը հանգեցնելու է նման հետևանքների։

– Ադրբեջանն իր հրապարակային դիրքորոշման մեջ աբսուրդային պատճառ էր նշել, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակն իբրև թե իր մանդատն ընդլայնել էր և տարածել նաև Ղարաբաղյան հակամարտության վրա։

– Վստահ չեմ, որ կողքից անկողմնակալ դիտորդի համար Ադրբեջանի հիմնավորումն այդքան աբսուրդային է։ Դրա ապացույցը նաև այն է, որ ԵԱՀԿ-ն բավարարեց Բաքվի պահանջն ու փակեց իր գրասենյակը: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատը տարածվում էր Հայաստանի վրա, իսկ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս չէ, առնվազն պաշտոնապես աշխարհի բոլոր երկրները դեռևս ճանաչում են նրա նկատմամբ Բաքվի իշխանությունը: Հասկանալի է, որ Հայաստանը հետաքրքրված է առավելագույնս օրինականացնել Ղարաբաղը, մասնավորապես` նրա տարածք բերելով միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, իսկ Ադրբեջանի հետաքրքրությունը սկզբունքորեն հակառակն է`նույն կերպ առավելագույնս շրջափակել Ղարաբաղը, և, բնականաբար, այդ ձգտման մեջ Ադրբեջանը, որպես տուժած երկիր, օգտագործելու է ցանկացած պատճառ և արդարացում:

Ֆորմալ առումով Ադրբեջանի հիմնավորումը` առանց իր համաձայնության և Հայաստանի հետ համագործակցությամբ ԵԱՀԿ հայկական գրասենյակի գործունեությունը տարածքում, որը դեռևս Ադրբեջանի մաս է համարվում, անգամ՝ բարի նպատակներով, օրինակ` ականազերծում, բավականին տրամաբանված է թվում: Կարծում եմ, օրինակ, եթե ԵԱՀԿ թուրքական գրասենյակը թուրքական իշխանությունների հետ, անտեսելով Հայաստանի բողոքները, սկսեր գործել Մեծամորում, ապա հայկական կողմի արձագանքն էլ նույնը  կլիներ:

– ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամներն օրերս չեն կարողացել մոնիտորինգ անցկացնել Չինարի գյուղի մոտակայքում, քանի որ ադրբեջանական կողմը կրակ է բացել նրանց ուղղությամբ: Ո՞րն է Բաքվի նպատակը, ադրբեջանցիներն ուզում են սրե՞լ իրադրությունը շփման գծում արտգործնախարարների հանդիպումից առաջ, և ի՞նչ կարող է դա տալ:

– Բաքվի մոտիվացիան լիովին հասկանալի է: Այն պայմաններում, երբ Ղարաբաղյան հակամարտության լուծման ձեռքբերումն անհնար է բանակցային սեղանի շուրջ, իսկ լայնածավալ ռազմական գործողությունը թվում է ռիսկային, քանի որ դրա արդյունքն անկանխատեսելի է, և միջազգային հանրությունը Բաքվին կմեղադրի, փաստացի Ադրբեջանի համար միակ շատ թե քիչ արդյունավետ քաղաքականությունը շփման գծում փոքր ինտենսիվության բախումների հրահրումն է: Դա թույլ չի տալիս հակամարտությանը մարել, այն մշտապես պահում է անավարտ կարգավիճակում, ստիպում է միջազգային կազմակերպություններին դիմել իրեն և փորձել կարգավորել, բարդացնում է կյանքը տարածքներում, որոնք Բաքուն իրենն է համարում, և տանում է նրան, որ բնակչությունը լքում է այդ վայրերը, ինչն էլ հանգեցնում է շատ այլ հետևանքների, որոնցից, իր հերթին՝ կցանկանար խուսափել Հայաստանը, որը հասել է իր նպատակներին, վերահսկում է տարածքները և այդ պատճառով կցանկանար ամրագրել իր դոմինանտությունն ու հակամարտությունն ավարտված համարել:

Ադրբեջանն ուղղակի այլ ելք չունի, այդպես են վարվել շատ, եթե ոչ՝ բոլոր երկրները, որոնք ժամանակակից աշխարհում հայտնվել են նման իրավիճակում, օրինակ` Սահակաշվիլիի ժամանակաշրջանի Վրաստանը, կամ ներկայիս Ուկրաինան: Ադրբեջանի ծրագրով` այդ իրավիճակը պետք է շարունակվի այնքան երկար, մինչև կա՛մ Հայաստանը համաձայնի իր պայմաններին, ինչն անիրատեսական է, կա՛մ մինչև ռազմական, տնտեսական և արտաքին քաղաքական առումներով հարմար պահ ստեղծվի լայնամասշտաբ ռազմական գործողության համար:

Եթե այդպիսի բան տեղի ունենա, և, եթե Բաքուն արդյունքի հասնի, ու արդեն ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը վերահսկի Ղարաբաղը, ապա ես չեմ բացառում, որ կողմերը փոխվեն տեղերով` ոչ թե Բաքուն, այլ Երևանը շփման գծում բախումներ հրահրի և հակամարտությունը տաք վիճակում պահի, իսկ Բաքուն խաղաղարարի թիկնոց հագնի և խաղաղության կոչ անի:

– ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռիչարդ Հոգլանդն իր վերջին հայտարարությունում նշել է, որ չնայած մոտ ապագայում իրատեսական չի լինի խոսել խնդրի ապառազմականացման մասին, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հրադադարի խախտման ռեժիմի ամրապնդման ուղղությամբ, և շուտով այդ քայլերը կարվեն: Սա ի՞նչ է նշանակում:

– Ես դժվարանում եմ մեկնաբանել այդ հայտարարությունը: Առավել հավանական է, որ դա հերթական հերթապահ դինավագիտական արտահայտությունն է, որի հետ դժվար է վիճել, բայց որն անհնար է կյանքի կոչել: Քանի դեռ վերջնականապես չի գտնվել հակամարտության լուծումը, փոքր ինտենսիվության զինված բախումների իրադրությունը, որը երբեմն վերաճում է շատ թե քիչ խոշոր սրացումների, որը մենք տեսանք անցած տարի ապրիլին, շարունակվելու է:

– Հաճախակիացել են խոսակցությունները ռուսական խաղաղապահների տեղադրման մասին, իբր այդ մասին խոսք է գնացել Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ Սոչիում, սակայն հետո Ս.Սարգսյանը հերքեց դա` ասելով, որ Պուտինի հետ չի քննարկել Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը: Ձեր կարծիքով` այսօր օրակարգում իսկապե՞ս այդ հարցն առկա է, և ինչպե՞ս կարելի է տեղից շարժել գործընթացը:

– Ես չեմ կարծում, որ այդ տարբերակն իրատեսական է: Փորձը ցույց է տալիս, որ խաղաղապահներն արդյունավետ կարող են լինել միայն երկու դեպքում` եթե հակամարտող կողմերն իրենք ինքնակամ համաձայնում են հակամարտության ինչ-որ ընդհանուր լուծման շուրջ և ցանկանում են ընդամենն ապահովել իրենց անվտանգությունը հակառակ կողմի անվերահսկելի գործողություններից, կամ, եթե միջազգային հանրությունը որոշի հակամարտության լուծման սեփական տեսլականը, որի հետ համաձայն չէ հակամարտող կողմերից մեկը կամ երկուսն էլ, և այդ դեպքում խաղաղապահների միջոցով միջազգային հանրությունը փաստացի պարտադրում է իր լուծումը:

Այդ տարբերակներից և ոչ մեկը տեսանելի ապագայում Ղարաբաղում իրատեսական չէ, իսկ դա նշանակում է, որ բոլոր նման խոսակցությունները դեռևս մնում են հռետորաբանության մակարդակի վրա:

Տեսանյութեր

Լրահոս