Հայ հրշեջների ներդրումը զգալի էր. Վրաստանի վարչապետն այցելել է Բորժոմիում հայ փրկարարների ճամբար
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ժամանել է Բորժոմիի կիրճի հայկական հրդեհաշիջման ճամբար: Ինչպես հաղորդում է Վրաստանի վարչապետի ֆեյսբուքյան պաշտոնական էջը, Գեորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել հայ հրշեջներին Վրաստանի համար այս ծանր օրերին իրենց կողքին լինելու համար, ինչպես նաև ընդգծել, որ հայ հրշեջները զգալի ներդրում են ունեցել աղետի դեմ պայքարում:
«Դուք մեր տղաների հետ պայքարում եք հրդեհների դեմ՝ նրանց կողքին եք դժվար և հաջողակ պահերին, պայքարում եք ամբողջ ուժով: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր եղբայրական օգնության համար: Մենք գնահատում ենք այն ամենն, ինչ արել եք»,- ասել է Վրաստանի վարչապետը: Գեորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն հայտնել նաև Հայաստանի Նախագահին, վարչապետին և ողջ հայ ժողովրդին:
Օգոստոսի 22-ին ՀՀ ԱԻ նախարարությունից Վրաստան ուղևորվեց փրկարար ծառայության շարասյունը՝ 8 հրշեջ-փրկարարական և 1 փրկարարական ավտոմեքենա, Աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա և շարժական կառավարման կետ (ընդհանուր՝ 57-հոգանոց անձնակազմով), որը դեպքի վայրում կծառայի որպես օպերատիվ գործողությունները համակարգող շտաբ: