«Եթե թուրք նախարարի հայտարարությունը լուրջ է, Հայաստանի համար սա լավ հնարավորություն է, հատկապես սահմանի ապաշրջափակման հարցում». Կոնստանտին Կալաչով

Թուրքիայի Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին օրեր առաջ հայտարարել է ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագրի ստորագրման մտադրության մասին։ Զեյբեկչին նշել է, որ Անկարայում հույս ունեն համապատասխան բանակցություններն ավարտել արդեն այս տարի՝ չխախտելով ԵՄ-ի հետ համապատասխան համաձայնագիրը։ Ըստ նրա՝ ԵԱՏՄ-ի հետ համագործակցության մի շարք ուղղություններ կան` նավթաքիմիա, գյուղատնտեսություն, և այլն, որոնք նոր ներուժ կբացահայտեն։

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը Թուրքիայի` ԵԱՏՄ մաքսային գոտուն անդամակցելու ցանկության մասին հայտարարությունը պարադոքսալ է անվանել։ «Նախ՝ Եվրասիական տնտեսական միության պայմանագրով նախատեսված չէ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու հավանականությունը։ Բացի այդ, պարադոքսալ է, որ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի կարգով փակել է Հայաստանի հետ սահմանը` միակ ցամաքային սահմանն իր և ԵԱՏՄ-ի միջև»,- ասել է Քոչարյանը։

Ռուսաստանի քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար, քաղաքագետ Կոնստանտին Կալաչովը 168.am-ի հետ զրույցում կասկած հայտնեց Թուրքիայի լրջության կապակցությամբ։

– Պարոն Կալաչով, ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագիր կնքելու վերաբերյալ։

Կարդացեք նաև

– Այս ամբողջ պատմության մեջ ամենահետաքրքիրը ԵԱՏՄ-ի շուրջ Թուրքիայի հետաքրքրության հանդեպ Հայաստանի արձագանքն է։ Ի՞նչ կարելի է մեկնաբանել։ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններն աչքի չեն ընկնում կայունությամբ, սակայն տնտեսական կապերի զարգացման հարցում շահագրգիռ են երկու կողմն էլ։ Հայաստանի համար դա, անխոս, անհանգստանալու առիթ է։

– Սակայն ինչպե՞ս է դա հնարավոր, եթե Թուրքիան համանման համաձայնագիր ունի ԵՄ-ի հետ։

– Իզմիրում, որտեղ ընթանում է բազմաոլորտ միջազգային տոնավաճառ, հնչեց այդ հայտարարությունն այն մասին, որ առաջարկ կա, որպեսզի Թուրքիան բանակցություններ սկսի Եվրասիական տնտեսական միության հետ՝ մաքսային համաձայնագրի կնքման շուրջ։ Թուրքերը հավաստիացնում են, որ դա չի խախտի ԵՄ-ի հետ համապատասխան համաձայնագիրը։ Այնպես որ, դա իրենց խնդիրն է։ Թուրքիան ցանկանում է համագործակցություն ծավալել ԵԱՏՄ-ի հետ. հայտարարել է Թուրքիայի Էկոնոմիկայի նախարարը։ Ռուսաստանը միայն ուրախ կլինի։ Ղազախստանն էլ հազիվ թե դեմ լինի։ Իսկ Եվրոպայի հետ Թուրքիայի հարաբերությունները լավագույն ժամանակները չեն ապրում։ Այնպես որ, կորցնելու առանձնապես ոչինչ չկա։ Առայժմ հայտարարությունն առավելապես քաղաքական է։ Տեսնենք, թե ինչ կլինի հետագայում։ Բայց Հայաստանի համար սա մեծ տեղեկատվական ուղեցույց է՝ բացասական նշանով։ Ռուսաստանի համար՝ հակառակը։

– Անհանգստանալու առի՞թ, թե՞ հնարավորություն։ Չէ՞ որ, եթե Թուրքիան իսկապես մտադիր է ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագիր կնքել, դրա համար անհրաժեշտ կլինի Հայաստանի համաձայնությունը, և Երևանը կարող է իր պայմաններն առաջադրել, օրինակ, առանց նախապայմանների՝ բացել Հայաստանի հետ սահմանը։

– Իզմիրից հնչած ազդակը բոլորովին էլ առաջինը չէ։ Թուրքիան գործընկերոջ կարգավիճակ ունի Շանհայի համագործակցության կազմակերպությունում, Ռուսաստանի հետ տարեցտարի ավելանում է առևտրաշրջանառությունը։ Սակայն ես կարծում եմ, որ իրականում սա այն դեպքն է, երբ շարժումն ամեն ինչ է, իսկ վերջնական նպատակը՝ ոչինչ։ Այստեղ ավելի շատ քարոզչություն է, քան հաշվարկ։ Միևնույն ժամանակ՝ մեզ այստեղ վախեցնում են Թուրքիայի ծովափերին տարածված վիրուսով։ Վերջերս հերթական վեճը ծագեց՝ թուրքական լոլիկի հետ կապված։ Այսինքն՝ ասել, որ ամեն ինչ անամպ է, չի կարելի։

Իսկ Հայաստանի արևմտամետ ուժերի համար թուրք նախարարի հայտարարությունն ուղղակի նվեր է։ Եթե ամեն ինչ լուրջ է, ապա Հայաստանի համար սա լավ հնարավորություն է, հատկապես սահմանի ապաշրջափակման հարցում՝ հաստատ։ Բայց քանի՞ անգամ է արդեն ամեն ինչ փոխվել։

Այս խաղում յուրաքանչյուր կողմն իր շահաբաժինն ունի։ Հայաստանի ԱԳՆ-ն արդեն արտահայտվել է թուրք նախարարի հայտարարության աբսուրդային լինելու մասին։

– Եթե թուրք նախարարի հայտարարությունը լուրջ չէ, ինչպե՞ս է Մոսկվան վերաբերվում նրան, որ Թուրքիան փաստացի օգտագործում է Ռուսաստանին՝ Արևմուտքի հետ իր խաղերում։

– Թուրքիան օգտագործում է Մոսկվային, Մոսկվան՝ Թուրքիային։ Մեր քարոզչության համար ԵԱՏՄ-ի կենսունակության և դրա հանդեպ հետաքրքրության ցանկացած օրինակ նույնպես նվեր է։ Առայժմ Ռուսաստանն ու Թուրքիան հանդես են գալիս ավելի շատ՝ որպես ուղեկիցներ, քան՝ դաշնակիցներ։

Տեսանյութեր

Լրահոս