«Ինչո՞ւ այդքան անպատրաստ գտնվեցինք, դարձյալ տեխնիկա չունենք…». Կարինե Դանիելյանի վարկածները՝ Վայոց Ձորի և Խոսրովի արգելոցի հրդեհների վերաբերյալ

Հարցազրույց բնապահպան Կարինե Դանիելյանի հետ

– Տիկին Դանիելյան, Վայոց Ձորի և Խոսրովի արգելոցի հրդեհները, ըստ Ձեզ՝ եղանակային պայմանների՞, թե՞ մարդկային գործոնի հետևանք էին։

– Ուղղակի վարկածները կարող եմ ասել, որովհետև պետք է հետաքննություն անցկացվի, որ հնարավոր լինի որևէ հստակ բան ասել։ Հիմա աշխարհով մեկ հրդեհները տարածված են, և ես վաղուց ասել եմ՝ մարդկությունը մի փուլ է մտել, որ մոլորակը վանում է մարդկությանը՝ որպես մի տեսակ, որը խանգարում է իրեն։ Հրդեհները դրա դրսևորումներից մեկն են։ Դա գլոբալ գործընթացի արտացոլումն է։ Իհարկե, մեզ մոտ ջերմաստիճանը բարձր է, հրդեհավտանգ է, բայց մինչև մարդու գործոնը չլինի, չեմ կարծում, որ ինքնըստինքյան հրդեհ բռնկվի։ Այստեղ, հույս ունեմ, որ դա պատահականություն է, այլ ոչ՝ դիտավորություն։

Երբ նման հրդեհներ են լինում, ռադիկալ բնապահպանները մի քանի վարկած են առաջ քաշում։ Տարբերակներից մեկն այն է, որ անտառը հատել են և հիմա դա ծածկելու համար այրում են․ հույս ունեմ, որ այդպես չէ։

Մյուս տարբերակն այն է, որ այնքան աչք կա Խոսրովի արգելոցի վրա, մենք անընդհատ պայքարի մեջ ենք Խոսրովի տարածքի համար։

Նաև կարող է վարկած առաջանալ, որ միգուցե հիմա պետք լինի Խոսրովն այլ նպատակներով օգտագործել։ Կարծում եմ, որ դա այդպես չէ, բայց այդ վարկածները կլինեն։

Ես շատ ծանր եմ տանում, որովհետև Խոսրովի արգելոցը մեր ամենամեծ հարստություններից էր, և, թե ինչքան կորուստ կունենանք, ինչքան ժամանակում հնարավոր կլինի այն վերականգնել, ժամանակը ցույց կտա։

– Իսկ վերականգնելու հնարավորություն կա՞։

– Տասնամյակներ, եթե ոչ՝ հարյուրամյակներ պետք կլինեն վերականգնելու համար։ Պետք է հստակ լինի՝ ինչ կորուստ ունենք, գնահատվի այդ կորուստը։ Այնտեղ էնդեմիկ տեսակներ կան, և, եթե դրանք ամբողջությամբ այրվել են, ուրեմն՝ հնարավոր չէ վերականգնել, իսկ եթե մասամբ է այրվել, ուրեմն՝ հնարավոր կլինի վերականգնել։ Բայց փորձը ցույց տվեց, որ մենք բացարձակ անպատրաստ ենք այդպիսի երևույթներին։

Պետք է որ հասկանայինք, տեսնում ենք, չէ՞՝ ինչ է կատարվում աշխարհում, ինչո՞ւ այդքան անպատրաստ գտնվեցինք, դարձյալ տեխնիկա չունենք։

Այսինքն՝ եթե համապատասխան տեխնիկա ունենայինք, գործողությունները ժամանակին արվեին, միգուցե այսքան մասշտաբային չլինեին հրդեհները։

– Իհարկե։ Օրինակ՝ անընդհատ ասում են՝ Խոսրովում ճանապարհներ չկան, մեքենաները չեն կարողանում մոտենալ։ Խոսրովում ճանապարհներ չպետք է լինեն․ դա արգելոց է, և միայն ռազմավարական մի քանի ճանապարհ պետք է լինի պահպանելու համար, բայց սկզբունքորեն մեքենաների համար ճանապարհային ցանց չպետք է լինի։ Արգելոցում մարդիկ կամ ոտքով են ճեմում, կամ ձիերով, և միայն արահետներ պետք է լինեն։ Մենք պետք է ունենայինք համապատասխան աէրոտեխնիկա, և ես չեմ հասկանում՝ մեր փոքր ավիացիան, որ սովետական տարիներին կար, ի՞նչ եղավ և ինչո՞ւ վերացավ։

– Այս հրդեհներից ի՞նչ դասեր պետք է քաղեն մեր համապատասխան նախարարությունները։

– Այդ հասկացությունը, որ մենք մի այլ փուլում ենք գտնվում, պետք է բոլորն ընկալեն։ Տեսեք՝ մենք անընդհատ ասում ենք, որ Երևանն անպաշտպան է սելավների և ջրհեղեղների նկատմամբ, բայց ոչինչ չի արվում։ Ընդհակառակը, եթե կային ինչ-որ միջոցառումներ, բոլորը քանդվեցին։ Այդ մոտեցումը չկա, մենք հանգիստ ապրում ենք և բացարձակ չենք գնահատում, որ իրոք մարդկությունը մի այլ վիճակում է գտնվում։ Դրա մասին անընդհատ խոսվում է, ՄԱԿ-ի կառույցները խիստ մտահոգված են, որովհետև ՄԱԿ-ում են հավաքվում այդ տվյալները, բայց մեզ մոտ դրան ուշադրություն չեն դարձնում։

Երեխաների հետ հանդիպման ժամանակ, երբ Պուտինին հարցրին, թե ինչով կցանկանա զբաղվել, եթե դադարի նախագահ լինել, նա պատասխանեց՝ էկոլոգիայով, որովհետև դա հիմա ամենակարևորն ու հետաքրքիրն է։

Բայց մինչև հիմա էկոլոգներն ընկալվում են՝ որպես մի քիչ ցանցառ, ամեն ինչն ուռճացնող, ոչ ադեկվատ մարդիկ։ Լուրջ վերաբերմունք էկոլոգիայի նկատմամբ չկա մեր իշխանության կողմից։ Մենք անընդհատ վեճի մեջ ենք ԿԳՆ-ի հետ, որովհետև էլի վերաբերմունքն այնպիսին է, որ էկոլոգիան կարևոր չէ ո՛չ դպրոցի, ո՛չ բուհերի համար։

– Հրդեհների վտանգը մյուս անտառածածկ տարածքներին է՞լ է սպառնում, և ի՞նչ քայլեր պետք է արվեն։

– Իհարկե, մինչև սեպտեմբերի կեսերը վտանգը կա։ Մեր վերաբերմունքը պարզ երևում է՝ ուր գնաս՝ ծխախոտի մնացորդները թափված են։ Եթե լավ չի հանգցրել և գցել է, դա արդեն բավական է։ Հետո, մեր գյուղացիները սովորություն ունեն այրելու խոտածածկ տարածքները, դա բացարձակ սխալ է, որովհետև և՛ հրդեհավտանգ է, և՛ սպանում է հողի բերրիությունը։ Դա էլ չպետք է արվի։

Տեսանյութեր

Լրահոս