Դի Կապրիոն հորդորել է աջակցել ձնահովազների պոպուլյացիան պահպանելու բնապահպանների ջանքերին
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն հորդորել է աջակցել բնապահպանների ջանքերին, որոնք ուղղած են Երկրի վրա ձնահովազների պոպուլյացիայի պահպանմանը, իսկ առանձին երկրների ղեկավարներին՝ վճռական գործողություններ ձեռնարկել այդ տեսակը փրկելու նպատակով:
Դերասանը համապատասխան կոչը զետեղել է Instagram-ի իր էջում, որի բաժանորդների թիվը հասնում է 18 միլիոնի։ Դի Կապրիոն ասել է, թե ինքը բոլոր ցանկացողներին առաջարկում է ստորագրել այն հանրագիրը, որը դիմում է բովանդակում 12 երկրների ղեկավարներին, որոնք այս տարվա օգոստոսին հավաքվելու են Ղրղզստանի մայրաքաղաքում՝ մասնակցելու ձնահովազների պահպանման խնդիրներին նվիրված միջազգային համաժողովին:
Կենդանիների պաշտպանության մի շարք միջազգային կազմակերպությունների տվյալներով, ներկայում աշխարհում կա ձնահովազների ընդամենը 3 հազար առանձնյակ: Դրանք հիմնականում ապրում են Չինաստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի, Նեպալի, Տաջիկստանի, Աֆղանստանի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի բարձրլեռնային շրջաններում:
Ինչպես պնդում են ղրղզ գիտնականները, դեռ անցած հարյուրամյակի վերջին հանրապետությունը հովազների թվաքանակով աշխարհում երկրորդ տեղն էր զբաղեցնում Չինաստանից հետո: Ղրղզստանում այդ ժամանակաշրջանում դրանք հաշվում էին մինչեւ հազար առանձնակ, սակայն վերջին 15-20 տարվա ընթացքում իրադրությունը կտրուկ փոխվել է, իլբիրսների (Ղրղզստանում այսպես են անվանում ձնահովազներին) թվաքանակը կրճատվել է մինչեւ 200-250 առանձնյակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: