«Քանի դեռ ԱՄՆ-ի կողմից առկա է պատժամիջոցների կիրառումն Իրանի նկատմամբ, որոշակի տնտեսական թուլություն կնկատվի». իրանագետ
Իրանագետ Կարեն Մկրտչյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ի համատեքստում Հայաստանը լավ հարթակ է հանդիսանում Իրանի համար՝ կապ հաստատելու ոչ միայն՝ Հայաստանի, այլև՝ ԵԱՏՄ անդամ պետությունների միջև: Այսինքն՝ իրանական կողմի համար մեծ շուկա է բացվում, ըստ այդմ էլ նրա հնարավորություններն ավելի են մեծանում, կարող են նոր կապեր հաստատել ԵԱՏՄ անդամ պետությունների հետ, և այդ պատճառով նոր պահանջարկ կտրվի իրանական բիզնեսին նաև ԵԱՏՄ-ի կողմից, և ՀՀ-ի համար շահեկան կլինի օգտվել նաև այդ տնտեսական հնարավորություններից, որոնք կստեղծվեն Սյունիքի ազատ տնտեսական գոտում։
Խոսելով ՀՀ տարածքով իրանական գազը Եվրոպա տարանցելու հնարավորությունների մասին՝ իրանագետն ասաց. «Մի՛ մոռացեք, որ վերջին հաշվով Իրանը վերջին տարիներին է թոթափել այն պատժամիջոցները, որն իր նկատմամբ կիրառվում էր ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի կողմից, և աստիճանաբար պետք է հաղթահարել այս դժվարությունները։ Դրանք կապել հայ-իրանական հարաբերությունների հետ՝ այնքան էլ տեղին չէ, որովհետև միջազգային համատեքստում Իրանը վերջին տարիներին է դուրս եկել և ազատվել տնտեսական շղթաներից։ Հեռանկարային է զարգացումը բոլոր ոլորտներում, այլ հարց է, որ դրանք նոր են սկսում սաղմնավորվել»։
Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը՝ Կարեն Մկրտչյանը նկատեց, որ ԱՄՆ-ը շարունակում է հակաիրանական քաղաքականությունն այս կամ այն կերպ, որովհետև ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք հարաբերություններ դեռ գոյություն չունեն. «դրանք միջնորդավորված հարաբերություններ են, և ժամանակ առ ժամանակ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառումն իսկապես խոչընդոտ է հանդիսանում Իրանի Իսլամական Հանրապետության համար՝ լիարժեք տնտեսական հարաբերություններ հաստատելու հարևան երկրների հետ և ընդհանրապես տարածաշրջանում։ Քանի դեռ ԱՄՆ-ի կողմից առկա է պատժամիջոցների կիրառումն Իրանի նկատմամբ, որոշակի տնտեսական թուլություն կնկատվի»։
Իրանագետն ընդգծեց նաև, որ ԵՄ-ի հետ ՀՀ-ի սերտ հարաբերությունները որոշակի հնարավորություն են տալիս Իրանին խորացնել իր հարաբերությունները Հայաստանի հետ հենց տնտեսական ոլորտում։
Ռոզա Հակոբյան