Toyota-ն և Mazda-ն համատեղ կֆինանսավորեն էլեկտրամոբիլների ստեղծումը. Nikkei
Ճապոնիայի Toyota եւ Mazda խոշոր կոնցեռնները մտադիր են գործընկերություն կնքել էլեկտրաշարժիչներով ավտոմոբիլների մշակման եւ ԱՄՆ-ի տարածքում համատեղ ձեռնարկության ստեղծման նպատակով: Այս մասին հայտնել է Nikkei գործարար թերթը։
Թերթի տեղեկություններով՝ երկու ընկերությունների ներկայացուցիչները բանակցություններ են վարում, որ Toyota-ն ձեռք բերի Mazda-ի բաժնետոմսերի 5 տոկոսը, իսկ վերջինս իր հերթին նույնպես միջոցներ ներդնի գործընկերության ձեւավորման համար:
Դրա հաշվին երկու կորպորացիաները հուսով են էլեկտրամոբիլների համաշխարհային շուկա դուրս գալ 2019 – 2020 թվականներին: Արտադրանքի վաճառահանման համար որպես հանգուցային ուղղություններից մեկը Toyota-ն եւ Mazda-ն շարունակում են դիտել ԱՄՆ-ը: Ծախքերը կրճատելու եւ ավելի շատ միջոցներ առաջավոր տեխնոլոգիաների զարգացմանն ուղղորդելու համար կոնցեռնները համատեղ այնտեղ կկառուցեն գործարան՝ տարեկան մինչեւ 300 հազար ավտոմոբիլ կարողությամբ, գլխավորապես դրանք կլինեն քրոսովերներ:
Այժմ Toyota-ն ԱՄՆ-ում ունի վեց ձեռնարկություն, մինչդեռ Mazda-ն՝ ոչ մի, ուստի մատակարարումներն իրականացվում են Ճապոնիայից եւ Մեքսիկայից: Toyota-ի եւ Mazda-ի գործընկերության ընդլայնումը, նշում է հրատարկությունը, տեղի է ունենում խոշոր կոնցեռնների արտադրանքի հաշվին ավտոմոբիլների համաշխարհային շուկայի ձեւավորման ամրապնդվող միտման պատճառով, որոնց թվում են բացի Toyota-Volkswagen-ից Renault-Nissan-ը եւ General Motors (GM)-ը:
Նաեւ էլեկտրամոբիլների շուկայում բաժնի համար պայքարի մեջ մտնելու երկու ընկերությունների որոշումը կապված է ամբողջ աշխարհում բնապահպանական նորմաների խստացման եւ մինչեւ 2040 թվականը դիզելային եւ բենզինային շարժիչներով ավտոմեքենաների վաճառքը դադարեցնելու Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի իշխանությունների որոշման հետ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: