«Ռուսական զենքը թուրք-հայկական սահմանին տեղադրելն անհեթեթություն կլինի». Դավիթ Բաբայան

«Թուրքիայի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելն արդեն դարձել է ընդունված պրակտիկա։ Եվ Թուրքիան ոչ միայն զենք է մատակարարում, այլև մատակարարում է գրոհայիններ, ռազմական տարբեր տիպի խորհրդականներ, և դա եղել է Ադրբեջանի անկախացման օրից։ Թուրքիայի գլխավոր շտաբի գեներալներ, սպաներ ստեղծել են ադրբեջանական բանակը։ Ընդհանրապես, Ադրբեջան կոչվող պետությունն արհեստականորեն ստեղծվել է հենց թուրքերի կողմից 1918 թ., հենց թուրքերի կողմից գրավվել է Բաքուն, որն այդ նորաստեղծ պետությունը չէր վերահսկում։ Եվ հիմա այդ վատ ավանդույթները, որ իրենց էությամբ դեստրուկտիվ են, շարունակվում են։ Թուրքիան չի էլ թաքցնում դա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով վերջին 2 ամսում Թուրքիայի կողմից Ադրբեջանին շուրջ 1 մլն դոլար արժողությամբ զենք մատակարարելու փաստը։

Ըստ նրա՝ ընդհանրապես, թուրք-ադրբեջանական պայմանագրի համաձայն՝ ձևավորվել է շատ ռազմավարական դաշինք, և որևէ մեկի համար գաղտնիք չեն Թուրքիայի ծրագրերը, իսկ այն, որ Թուրքիան Ադրբեջանին դիտում է՝ որպես իր պետության շարունակությունը, դա միանշանակ է։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ռուսաստանից Թուրքիայի ձեռք բերելիք Ս 400 համակարգերը փոխանցվեն Ադրբեջանին կամ, ինչպես հայտարարել էր թուրքական կողմը, տեղակայվեն Հայաստանի հետ սահմանին և ծառայեցվեն Ադրբեջանին, Դ.Բաբայանը պատասխանեց, որ այդ գործարքը դեռևս չի կայացել, քննարկման փուլում է, և չկա որոշում։ Նա չբացառեց, որ այդ գործարքն ընդհանրապես լինի քաղաքական շահարկում, քանի որ Թուրքիան նման շահարկումներով փորձում է շանտաժի ենթարկել Արևմուտքին, առաջին հերթին՝ ԱՄՆ-ին։

«Ռուսական զենքը Հայաստանի սահմանին տեղադրելն անհեթեթություն կլինի, քանի որ դա կլինի նաև ռուսական ռազմաբազայի դեմ։ Դրա համար այդ զենքի մատակարարումն ավելի շուտ պետք է դիտարկել Արևմուտք-Թուրքիա-Ռուսաստան բարդ շախմատային խաղի ներքո։ Չեմ բացառում, որ այդ գործարքն ընդհանրապես տեղի չունենա։ Ես կարծում եմ, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկարատև ռազմավարական համագործակցությունը պարզապես անհնարին է։

Երբ Օսմանյան կայսրությունը փլուզվում էր, և արևմտյան գերտերություններն ահաբեկված էին այն մտքից, որ Օսմանյան ու Ռուսական կայսրությունները կարող են դառնալ ռազմավարական դաշնակիցներ, հնարվեց և Թուրքիայում ներդրվեց պանթուրքիզմի գաղափարախոսությունը, որն ամբողջությամբ փոխել է Թուրքիայի աշխարհաքաղաքական հայեցակարգը։ Եվ այդ պանթուրքիզմը մինչև հիմա մնում է՝ որպես իրենց կարևոր գաղափարախոսություն, իսկ դա թույլ չի տալու, որպեսզի նրանք լինեն երկարատև ռազմավարական գործընկերներ։ Այո, տակտիկական, կարճատև, մարտավարական մոտեցում կարող է լինել, բայց ռազմավարականն անհնարին է»,- ասաց Դ.Բաբայանը։

Նա նաև նշեց, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմում որևէ տարօրինակ բան չի նկատվում. «Թուրք-ադրբեջանական համագործակցության շրջանակներում նրանք բավականին հաճախակի զորավարժություններ են անցկացնում։ Գիտեք, որ ապրիլյան պատերազմի նախօրեին նույնպես զորավարժություններ էին եղել։ Բայց առանձնապես նոր զարգացումներ տեղի չեն ունենում։ Հակառակորդը շարունակում է իր ահաբեկչական քաղաքականությունը, խախտում է զինադադարի ռեժիմը, տեղեկատվական, դիվանագիտական խողովակներով շարունակում է ջիհադի քաղաքականությունը։ Որևէ արմատական նոր փոփոխություններ տեղի չեն ունենում»։

 

Տեսանյութեր

Լրահոս