Բաժիններ՝

Ներդրումների դիվանագիտական սայլը կփորձեն տեղից շարժել

Ներդրումների ներգրավման գործում ՀՀ դիվանագետական կորպուսի ակտիվացման մասին Հայաստանում պարբերաբար բարձրաձայնվում է։ Նախագահ Սերժ Սարգսյանն այդ մասին խոսել է դեռևս 2007 թ. սեպտեմբերին, երբ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը։ Իսկ անցած տարի այդ մասին «հիշեց» վարչապետ Կարեն Կարապետյանը, դեկտեմբերին անգամ մի ամբողջ խորհրդարանական լսումներ անցկացրին, թե աշխարհով մեկ սփռված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններն ինչպես պետք է զարգացնեն դիվանագիտության տնտեսական բաղադրիչը։

Ընդ որում՝ այդ ուղղությունը համակարգելու համար Արտաքին գործերի նախարարությունում 2016-ի սկզբին մի նոր հաստիք բացեցին՝ փոխնախարարի։ Նաև ձևավորվեց միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի հիմնական նպատակն էր՝ արտաքին հարաբերությունների տնտեսական բաղադրիչն ընդլայնելու, օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների կողմից իրականացվելիք տնտեսական բնույթի աշխատանքների թիրախների և հայտանիշերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը:

Այժմ կառավարությունը որոշել է Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի զարգացման նպատակով սահմանել երկրների թիրախավորման տնտեսական չափանիշերը, թիրախային երկրների ցանկը և հաստատել օտարերկրյա պետություններում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների տնտեսական գործունեության կատարողականի գնահատման չափանիշերը։ Հարցը գործադիրի վաղվա նիստում կներկայացնի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

Ըստ նախագծի՝ դրա ընդունումը պայմանավորված է արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի ընդլայնման, իրականացվող աշխատանքների արդյունավետության և հասցեականության բարձրացման, ինչպես նաև ՀՀ դեսպանատների և դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից կատարված տարեկան աշխատանքների գնահատումն իրականացնելու անհրաժեշտությամբ:

Կարդացեք նաև

«ՀՀ տնտեսության զարգացման խթանումը գրեթե անհնարին է՝ առանց օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման և զբոսաշրջության զարգացման: Այս ոլորտները ենթադրում են ՀՀ դեսպանատների և դիվանագիտական ներկայացուցչությունների ակտիվ ներգրավում և վերջիններիս աշխատանքային ծրագրերում տնտեսական բնույթի գործունեության ընդլայնում: Դեսպանությունների կողմից գրեթե մշտապես տնտեսական բնույթի իրականացվող աշխատանքները կարիք ունեն հստակեցման, իսկ աշխատանքների արդյունավետության բարձրացման և արդյունքների չափման համար կարևոր նշանակություն ունի կատարողականի չափման համակարգի սահմանումը և ներդրումը: Բացի այդ, կարևոր է թիրախավորված մոտեցում առկա հնարավորությունների շրջանակներում ջանքերի կիրառման տեսանկյունից:

Տնտեսական նպատակահարմարությունից ելնելով և մրցակցային առավելությունները գնահատելով՝ ՀՀ կառավարությունը սահմանում է ոլորտային առաջնահերթությունները, որոնք արտացոլվում են ոլորտային զարգացման ռազմավարություններում և սահմանում են թիրախներ և ժամկետներ։ Առաջարկվող համակարգում դեսպանությունների առջև դրվում են թիրախավորված ոլորտներում արտաքին շուկայի հնարավորությունների ուսումնասիրման և գնահատման խնդիրները: Մասնավորապես, դեսպանները դեսպանընկալ երկրի վերաբերյալ գիտելիքների ձևավորման միջոցով գնահատում և ներկայացնում են հայկական ընկերությունների համար առկա հնարավորությունները: Իրականացված ուսումնասիրությունների հիման վրա համապատասխան պետական մարմնի կողմից մշակվում են արտահանման և/կամ ներդրումային ծրագրեր/գաղափարներ, որոնց առաջմղման համար որոշվում են առանձնահատուկ գործիքներ»,- նշված է նախագծում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս