Ծխախոտի հարկերի բարձրացմանը կողմ է Հայաստանի բնակչության 44.6%-ը
Ծխախոտի դեմ պայքարի շրջանակներում ՀՀ կառավարությունը նախատեսում է հավանության արժանացնել ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը և 2017-2020 թվականների միջոցառումների ծրագիրը։ Հարցը գործադիրի առաջիկա նիստում՝ օգոստոսի 3-ին, կներկայացնի առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։
Ըստ որոշման նախագծի՝ ծխախոտի օգտագործումը Հայաստանում հանրային առողջության հիմնախնդիրներից մեկն է, մի շարք առավել տարածված հիվանդությունների զարգացումը պայմանավորված է ծխախոտի օգտագործմամբ:
Հայաստանի բնակչության շրջանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բեռը կազմում է մոտ 80%:
2005 թ.-ին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության և Առողջապահության նախարարության Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի կողմից իրականացվել է «Հայաստանի բնակչության շրջանում թմրամիջոցների, ալկոհոլի և ծխախոտի տարածվածության» համահանրապետական հետազոտություն: Հետազոտության արդյունքների համաձայն՝ ծխախոտ օգտագործում էին հարցման ենթարկված և 16-75 տարիքային խմբին պատկանող բնակչության 29.0 տոկոսը, այդ թվում` տղամարդկանց` 60.5, և կանանց՝ 2.2 տոկոսը:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանի մեծահասակ (սկսած 16 տարեկանից) բնակչության 25%-ից ավելին կանոնավոր (ամենօրյա) ծխող է, որտեղ տղամարդկանց մասնաբաժինը գերազանցում է 50%-ը: Ըստ տարիքի ծխախոտի օգտագործումը տղամարդկանց մոտ հասնում է առավելագույնի` 30-39 տարեկանների շրջանում և աստիճանաբար սկսում է նվազել: Այն փաստը, որ 70-ից բարձր տարիքային խմբում ամեն օր ծխողների քանակը ընդամենը 26% է, հավանաբար պայմանավորված է այն հանգամանքով, որ ծխախոտի օգտագործումը կարճացնում է կյանքի տևողությունը և այդ տարիքային խմբում կենսունակ են չծխող անձինք: Տղամարդկանց և կանանց շրջանում ծխախոտի տարածվածության առումով կանանց ցուցանիշի ավելացման միտում է նկատվում:
Ծխախոտի օգտագործման տարածվածությունը տարբերվում է նաև ըստ բարեկեցության քվինտիլների: Ամեն օր ծխող տղամարդկանց տոկոսն ավելի բարձր է ցածր բարեկեցության առաջին, երկրորդ և երրորդ քվինտիլներում:
Ըստ կրթական մակարդակի` ամեն օր ծխող տղամարդկանց ամենացածր թիվը գրանցվել է թերի բարձրագույն կրթությամբ տղամարդկանց շրջանում, ովքեր հիմնականում ուսանողներ են: Տղամարդկանց կողմից ծխախոտի օգտագործումը հավասարաչափ է տարածված թե՛ Երևանում, թե՛ մարզերի քաղաքային վայրերում, թե՛ գյուղական համայնքներում:
Ի դեպ, կանանց մոտ ամեն օր ծխողների թիվը պայմանավորված է նաև նրանց ամուսնական կարգավիճակով: Եթե քաղաքացիական կացության գրացման գործակալության և/կամ եկեղեցու հաստատմամբ ամուսնացած կանանց 1.2%-ն է ամեն օր ծխում, ապա առանց գրանցման ամուսնացածների` 2.9%-ը, չամուսնացածների` 4.1%-ը, իսկ ամուսնալուծվածների` 10.2%-ը:
2016 թվականին ծխախոտի հարկերի բարձրացմանը կողմ է Հայաստանի բնակչության 44.6%-ը։ Ընդ որում` չծխողների՝ 51.9%-ը, և ամեն օր ծխողների՝ 25.6%-ը: