Աստղադիտարանում կանցկացվի չորրորդ Բյուրականյան գիտաճամբարը
Բյուրականի աստղադիտարանում օգոստոսի 21-26-ին տեղի կունենա չորրորդ Բյուրականյան գիտաճամբարը։
Ինչպես տեղեկացրին Հայկական աստղագիտական ընկերությունից, գիտաճամբարին կարող են մասնակցել 12-15 տարեկան շնորհալի դպրոցականներ Հայաստանից և սփյուռքից։ Կազմակերպիչներն են Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ) և Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի Աստղագիտության զարգացման տարածաշրջանային գրասենյակը։
Գիտաճամբարի կազմկոմիտեի նախագահն է Արեգ Միքայելյանը, իսկ գիտաճամբարը կհամակարգի Սոնա Ֆարմանյանը։ Ծրագրի իրականացմանն աջակցում է Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ):
Ծրագրում նախատեսվում են հանդիպումներ հայտնի աստղագետների հետ, աստղագիտական հանրամատչելի ինտերակտիվ դասախոսություններ, զրույց աստղագիտության և առասպելաբանության կապի մասին, գիտական ֆիլմերի դիտումներ պրոֆեսիոնալ աստղագետների մեկնաբանությամբ, ինտելեկտուալ խաղեր, այցելություն աստղադիտարանի խոշորագույն 2.6 մ դիտակ, այցելություն Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, գիշերային դիտումներ փոքր աստղադիտակներով, մոլորակների եռակի միացման դիտում, սիրողական աստղադիտակի պատրաստում, էքսկուրսիաներ Ամբերդ, Տեղերի վանք, Օշական, արշավներ Բյուրականի շրջակայքում, մարզական խաղեր և մրցույթներ, ֆիլմի նկարահանում, համերգ մասնակիցների կողմից և այլն։