Բաժիններ՝

Տրանսֆերային ամռան գլխավոր հերոսը. Ի՞նչ գիտենք նրա մասին

Վերջին օրերին Նեյմարի անունը լսում ենք մեր անունից շատ: Նրա մասին են խոսում բոլորը, ֆուտբոլային աշխարհում քննարկում, քննդատում, ոգևորում են նրան և ամենակարևորը՝ սպասում են նրա որոշմանը:

Այս 25-ամյա ֆուտբոլիստի համար պատրաստվում են վճարել 222 միլիոն եվրո + մեծ գումար՝ կողմանկի ծախսերի համար: Կատալոնական «Բարսելոնան» ատամներով փորձում է պահել Նեյմարին, իսկ ՊՍԺ-ն էլ ջանք չի խնայում այս ֆուտբոլիստին ձեռք բերելու համար:

Ասում են, որ Նեյմարը կտեղափոխվի ՊՍԺ, իսկ ամեն ինչ այսքան երկարացնելը կատալոնական ակումբից լրացուցիչ գումարներ կորզելն է:

Նրան համարում են ինքնասիրահարված, մեծամիտ, գոռոզ, հղփացած, բայց միևնույն ժամանակ անասելի տաղանդավոր, աշխատասեր և նպատակասլաց:

Ո՞վ է Նեյմարը և որո՞նք են նրա կյանքի ամենակարևոր դրվագները: Մինչ Նեյմարի համար շարունակվում է կատալոնա-փարիզյան պատերազմը, ծանոթանանք հակամարտության գլխավոր մեղավորի հետ:

Բրազիլիայից՝ Կատալոնիա

Տաղանդավոր բրազիլացին տասնմեկ տարեկանում ընդունվել է «Սանթոսի» մանկապատանեկական ակադեմիա, իսկ 2009 թվականից հանդես է եկել թիմի հիմնական կազմում։ Հենց այդ տարի նա ճանաչվեց բրազիլական Լիգա Պաուլիստա մրցաշարի լավագույն երիտասարդ խաղացողը։ 2010 թվականին Սանթոսի կազմում նա դարձավ Սան Պաուլո նահանգի չեմպիոն (մրցաշրջանի լավագույն խաղացող) և Բրազիլիայի գավաթակիր (դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն՝ խփելով 11 գոլ)։ Մրցաշրջանի արդյունքում նա ճանաչվեց Լիգա Պաուլիստայի լավագույն խաղացող ու լավագույն հարձակվող և Բրազիլիայի առաջնության լավագույն հարձակվող։ Բոլոր մրցաշարերում նա անցկացրեց 62 հանդիպում և խփեց 42 գոլ։

Արժանացել է ՖԻՖԱ-ի Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակի «Ֆլամենգոյի» դեմ խաղում խփած գոլի համար։ 2011 թվականին նրա շնորհիվ թիմը նվաճել է Լիբերտադորեսի գավաթը, ինչը թիմին չէր հաջողվել անել 1963 թվականից։

Ի դեպ փոքր հասակում Նեյմարը ընկերական խաղ է անցկացրել նաև մադրիդյան «Ռեալի» կազմում, սակայն այդպես էլ այամանագիր չի կնքել:

2013 թվականի ամռանը նա դարձավ իսպանական «Բարսելոնայի» խաղացող, որը նրա համար վճարեց 57 միլիոն եվրո։ 2014-15 մրցաշրջանում թիմի հետ կատարեց «ոսկե հետ-թրիկ»՝ հաղթելով Իսպանիայի առաջնությունում, Իսպանիայի գավաթում և Չեմպիոնների Լիգայում։

Փառք՝ առանց ընկերների

«Սանթոսի» մանկապատանեկան ակադեմիայում խաղում էին 3 ընկեր՝ Նեյմարը, Գանսոն և Ալան Պատրիկը: Նրանք լավագույն ընկերներ էին, նրանց մոտ ամեն ինչ հարթ էր ընթանում՝ մինչ Նեյմարի աստղային կարիերայի սկիզբը: Ավելորդ հպարտությունը դարձավ Նեյմարի և Ալան Պատրիկի վեճի առարկա: 2010թ. մարզման ժամանակ նրանք վիճեցին, ինչից հետո Նեյմարը բարձրացավ ակումբի նախագահի աշխատասենյակ և պահանջեց Պատրիկին հեռացնել թիմից. կամ՝ ես, կամ՝ Պատրիկը: Հետաքրքիրն այն է, որ ակումբի ղեկավարությունը չփորձեց հարթել կոնֆլիկտը, այլ Պատրիկին հեռացրեց թիմից:

Իսկ Գանսոն, ում փոխանցումների շնորհիվ Նեյմարը դարձավ «Սանթոսի» լավագույն ռմբարկու, նույնպես խնդիրներ ունեցավ ընկերոջ հետ: Բանն այն է, որ Գանսոն հաճախ էր վնասվածքներ ստանում, իսկ Նեյմարին նյարդայնացնում էր ընկերոջ վատ մարզավիճակը: Նեյմարը հաճախ էր բղավում ընկերոջ վրա, և այսպես, Գանսոն նույնպես հեռացավ «Սանթոսից»:

Շքեղ գոլերը՝ սովորական երևույթ

2011 թվականին «Ֆլամենգոյի» դարպասը խփած գոլը Նեյմարին արժանացրեց Պուշկաշի մրցանակի: Հաջորդ տարի Նեյմարը գրեթե կրկնեց գոլը, սակայն այս անգամ այնքան էլ մեծ ուշադրության չարժանացավ: Բոլորը վաղուց արդեն սովորել էին Նեյմարի գեղեցիկ հարվածներին: Իր ծննդյան 20-ամյակին Նեյմարը խփեց իր կարիերայի 100-րդ գոլը:

Անպատասխանատու թվացող երիտասարդի մեծ պատասխանատվությունը

Նեյմարը հայր դարձավ 19 տարեկան հասակում: Որդու անունը Դավի Լուկա է: Երջանիկ հայրիկը որդուն գրկած դուրս եկավ և ԶԼՄ ներկայացուցիչներին հայտնեց, որ ծնվել է 2810 գրամ երջանկություն: Բոլորին, իհարկե, հետաքրքրում էր, թե ով է երեխայի մայրը: Երեխայի մոր անունը երկար ժամանակ գաղտնի էր պահվում, բայց մի քանի ամիս անց պարզ դարձավ, որ մայրը 17-ամյա Կարոլինան էր, ում հետ Նեյմարն ունեցել է սիրային կապ: Ի դեպ, երեխայի կնքահայրը հենց այն Գանսոն էր, ում թիմից հեռացրին Նեյմարի քմահաճույքից դրդված:

Երիտասարդ գրողը

Կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելուց անմիջապես հետո լույս տեսավ Նեյմարի առաջին գիրքը, որը կոչվում էր Neymar Jr. De A a Z. В: Այս գրքում Նեյմարը այբբենական կարգով պատմում է իր ընտանիքի, տղայի, ընկերուհիների, սանրվածքների և, իհարկե, ֆուտբոլի մասին:

Նեյմար=սկանդալ

Մեր այսօրվա հերոսն այնքան սկանդալային է, որ Google որոնողական համակարգում Neymar scandals գրությունը որոնելիս 3 390 000 էջ է հայտնվում:

Ֆուտբոլը՝ որպես աշխատանք

Նեյմարը, որպես իրական բրազիլացի, ապրում է ֆուտբոլով, սակայն հաճույքից զատ՝ ֆուտբոլը նաև աշխատանք է: Նեյմարը երիտասարդ տարիքում վաստակում է այնքան, որքան վաստակում են հայտնի գործարարները երկար տարիների աշխատանքից հետո: Նա 7-րդն է աշխարհի ամենաշատ վաստակող ֆուտբոլիստների թվում, և սա՝ դեռ այն դեպքում, եթե չենք հաշվում լրացուցիչ եկամուտները, որոնք Նեյմարը ստանում է գովազդներում նկարահանվելու համար:

Չխոսենք անգամ այն մասին, որ այս ֆուտբոլիստի համար հիմա պատրաստվում են վճարել 222 միլիոն+ գումար:

Նեյմար=ոճային

Երբեմն Նեյմարին կարելի է անգամ չճանաչել, քանի որ նույնիսկ մեկ օրվա ընթացքում նա կարող է ներկայանալ մի քանի տարբեր սանրվածքներով: Ըստ վիճակագրության՝ վարսահարդարման սրահներում ժամանակ անցկացնող ֆուտբոլիստների ցուցակում Նեյմարը 2-րդն է. զիջում է միայն Կրիշտիանու Ռոնալդուին:

Պելեի ֆավորիտը

Պելեն մեկ անգամ չէ, որ նշել է, որ լավագույնը լինելու համար պետք է ոչ թե համեմատվել Մեսսիի հետ, այլ խաղալ ավելի լավ, քան Նեյմարը:

Երկրպագուների սիրելին

2010 թվականին բրազիլացի երկրպագուները հավաքեցին 14 հազարից ավելի ստորագրություններ, որպեսզի Բրազիլիայի ազգային հավաքականի մարզիչ Դունգան տանի նրան Մունդիալ 2010-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս