«Արցախը շատ խնդիրներով բացարձակ ինքնաբավ է». Գառնիկ Իսագուլյան
Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Արցախի նախագահական ընտրություններից՝ ասաց, որ բոլորին հետաքրքրում են այն հարցերը, թե հուլիսի 19-ին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ընտրություններն ինչքանո՞վ ապահովեցին ժողովրդավարական այն բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունենում Արցախում, և արդյո՞ք դա խախտում չէր, որ Բակո Սահակյանը 3-րդ ժամկետով ընտրվեց նախագահ։
«Բոլորը քաջատեղյակ են, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններից հետո անմիջապես Արցախում նույնպես սկսվեց գործընթաց սահմանադրական փոփոխությունների առումով։ Սկզբնական շրջանում բոլոր քաղաքական ուժերը՝ թե՛ Արցախի Ազգային ժողովում ներկայացված, թե՛ արտախորհրդարանական, կողմնակից էին, որ Արցախում ընդունվի ՀՀ-ի նման խորհրդարանական կառավարման համակարգ։ Նույնիսկ արդեն սահմանադրության տարբերակն էր մշակված, նախագիծը պատրաստ էր։ Դրանից հետո, ցավոք սրտի, տեղի ունեցավ այն, ինչ բոլորս անվանում ենք քառօրյա պատերազմ»,- նկատեց պարոն Իսագուլյանը։
Նրա խոսքով՝ քառօրյայից անմիջապես հետո բավականին լուրջ քննարկումներ ծավալվեցին այն առումով՝ արդյոք նպատակահարմա՞ր է այս փուլում Արցախում անցնել խորհրդարանական կառավարման մոդելի, թե՞, հակառակը՝ ավելի ճիշտ կլինի անցնել ուժեղ նախագահական կառավարման համակարգի։
Ըստ Գ. Իսագուլյանի՝Արցախի քաղաքական ուժերը՝ հիմնականում հենց իրենք, քննարկումների արդյունքում հանգեցին այն եզրակացության, որ շատ ավելի նպատակահարմար է այս փուլում անցնել ավելի ուժեղ նախագահական համակարգի։
«Քանի որ նոր էր ընտրվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, իսկ նախագահի լիազորությունների ավարտին մնացել էր մոտ մեկ տարի ժամկետ, հարց էր առաջանում ՝ անցումային փուլը մինչև ե՞րբ։ Որոշվեց, որ լավագույն տարբերակը այն է, որ մինչև նոր Ազգային ժողովի ընտրությունները՝ 2020 թ., խորհրդարանին իրավասություն տալ՝ երեք տարի ժամկետով ընտրել նախագահին։ Քաղաքական ուժերը հենց իրենք որոշեցին, որ պետք է մնա նույն թիմը՝ հենց Բակո Սահակյանի գլխավորությամբ։ Համարել, որ տեղի է ունեցել սահմանադրության խախտում, և նախագահը գնացել է 3-րդ ժամկետի, տեղին չէ, որովհետև այս 3 տարին նախագահական շրջանի հիմնական ժամկետը չէ»,- նշեց բանախոսը։
Նրա կարծիքով՝ փոփոխությունների ընթացքում շատ լավ կլինի, որ աշխատի նույն թիմը և կարողանա հասնել որոշակի հաջողությունների այն առումով, որ կլինեն օրենսդրական փոփոխությունները, և 2020 թ. արդեն կլինեն նոր ընտրություններ՝ և՛ նախագահի, և՛ Ազգային ժողովի. «Ես խնդրում եմ, որ այս առումով շահարկումները դադարեցվեն, որովհետև դրա մասին բարձրաձայն շատ հաճախ խոսում են նրանք, ովքեր Արցախում չեն եղել կամ չեն պատկերացնում՝ այնտեղ ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում»։
Ըստ Գ. Իսագուլյանի՝ Արցախում աճել է ծնելիության մակարդակը, նոր ճանապարհներ են կառուցվում, բավականին լուրջ աշխատանքներ են տարվում առաջին գծում, նոր հէկ-եր են կառուցվելու։
«Արցախը շատ խնդիրներով բացարձակ ինքնաբավ է։ Եթե ուշադիր հետևենք նախագահի հարցազրույցներին, ապա ամեն ինչ մեզ համար բավականին ակնառու կլինի»,- նշեց Գառնիկ Իսագուլյանը։
Ռոզա Հակոբյան