
Մարդկանց թրաֆիքինգի աննախադեպ դեպք Թեքսասում՝ կա 10 զոհ

ԱՄՆ-ի Թեքսաս նահանգում սաստիկ շոգի պայմաններում անփաստաթուղթ հարյուրավոր անձինք փակված են եղել սուպերմարկետներից մեկի առջև կայանված բեռնատար ավտոմեքենայի մեջ: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Պաշտոնատար անձանց տվյալներով, այս մարդիկ բեռնատարի թափքում փակված են եղել ժամեր շարունակ, և երբ ջերմաստիճանը հասել է 60 աստիճան ցելսիուսի, նրանցից մի քանիսը մահացել են:
Սուպերմարկետի աշխատակիցը, տեսնելով բեռնատարից դուրս եկած խելագարի պես ջուր փնտրող մի տղամարդու, ոստիկանություն է դիմել: Ոստիկանները՝ ժամանելուց հետո 9 մարդու մահացած են գտել։ Եվս մեկը մահացել է ժամեր հետո:
Բեռնատարում փակված անձանցից 30-ը տեղափոխվել են հիվանդանոց, այդ թվում նաև երեխաներ: Թրաֆիքինգի զոհ դարձած մարդիկ եղել են հիմնականում Կենտրոնական Ամերիկայից և Մեքսիկայից ժամանած անօրինական ներգաղթյալներ:
Բեռնատարի վարորդը այսօր կանգնել է դաշնային դատարանի առջև: