«Արցախում Ազգային ժողովի ընտրությունն արտացոլում է ընտրողների մեծամասնության կարծիքը». Սոցիոլոգ
«Բակո Սահակյանի նախագահության 10 տարվա ընթացքում ակնառու զարգացումներ կան, բնակչության աճ կա, ՀՆԱ-ն 3 անգամ աճել է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ խոսելով Բակո Սահակյանի՝ երրորդ անգամ Արցախի նախագահի պաշտոնում վերընտրվելու մասին:
Ըստ սոցիոլոգի՝ քանի որ Արցախը պատերազմող երկիր է, անցնելով նախագահական կառավարման՝ մի ձեռքում կլինեն ամբողջ երկրի կարողությունները, կառավարումը կլինի ավելի գործունյա. «Եվ ամենակարևորը, որ երկրի ղեկին կլինի նապոլեոնիզմից, ցեզարիզմից զուրկ մի դեմք, որն ունակ է լսելու խորհուրդները, ունակ է համախմբելու իր շուրջը համախոհներին, և այլն, ու ամենակարևորը՝ շատ խիստ ու դաժան է նրանց նկատմամբ, ովքեր փորձում են իշխանությունը սեփականաշնորհել, իշխանական լծակներով անձնական խնդիրներ լուծել»:
Ա. Ադիբեկյանը ողջունեց Ազգային ժողովի ընտրությունը. «Դրա տակ ժողովրդի կամեցողությունն է: Երբ գնում էր հանրաքվեի նախապատրաստական փուլը, հարցում արեցինք, իմ հարցաշարում կար նման մի հարց՝ եթե Սահմանադրությունն ընդունվեց, ո՞ւմ կցանկանայիք տեսնել հաջորդ նախագահը: Մոտ 75 տոկոսն ասացին՝ Բակո Սահակյանին: Փաստորեն, Ազգային ժողովի ընտրությունն արտացոլում է ընտրողների մեծամասնության կարծիքը»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: