Բաժիններ՝

«Մենք Հայաստանը լավ չենք ճանաչում»

Հուլիսի 21-ից մեկնարկում է «Fun Armenia» լուսանկարների արշավը, որի նպատակն է գովազդել ու ակտիվացնել Հայաստանում ներքին զբոսաշրջությունը հայաստանցիների համար:

Eli.am ժամանցային և զբոսաշրջային հարթակի համահիմնադիր Տիգրան Ճորոխյանի խոսքով՝ այս արշավով ուզում են հայաստանցիներին տեղեկացնել ուրիշ Հայաստանի մասին, այն Հայաստանի, որը ամեն օր չի, որ տեսնում ենք, և բոլորս չի, որ ճանաչում ենք:

Տիգրան Ճորոխյանի խոսքով՝ յուրաքանչյուր հայաստանցի տարին գոնե մեկ անգամ մտածում է Հայաստանում հանգստանալու մասին, բայց չեն գնում, ու դրա հիմնական խանգարող հանգամանքն այն է, որ Հայաստանը լավ չեն ճանաչում:

«Հայաստանը շատ հաճախ ասոցացնում ենք Գառնիի, Գեղարդի, Սևանի կամ Տաթևի հետ, բայց այն ունի ժամանակակից զբոսաշրջության բոլոր պահանջներին համապատասխանող ֆանտաստիկ հնարավորություններ: Մենք Հայաստանը լավ չենք ճանաչում, ու դրա համար էլ ունենք զբոսաշրջության անցկացման հետ կապված խնդիրներ: Ու հենց այս կարծրատիպը կոտրելու համար սկսում ենք այս արշավը»,- ասաց Տիգրան Ճորոխյանը:

«Fun Armenia» արշավին մասնակցելու համար անհրաժեշտ են լուսանկաներ, որտեղ կպատկերվի այն Հայաստանը, որը գոյություն ունի, բայց որն այնքան էլ չենք ճանաչում: Այնպիսի լուսանկարներ, որոնք կարող են ինչ-որ իմաստով Հայաստանը գովազդել և ներկայացնել ամբողջ աշխարհին:

Լուսանկարն ունենալուց հետո այն պետք է տեղադրել PicsArt սոցիալական ցանցում, այնուհետև՝ լուսանկարը խմբագրելուց հետո այն պետք է տարածել ցանցում՝ Fun Armenia հեշթեգով:

PicsArt նկարների մշակման և համատեղ խմբագրման սոցիալական ցանցի հայաստանյան գրասենյակի ներքին հաղորդակցման և մշակույթի կառավարիչ Նազելի Պետրոսյանի դիտարկմամբ՝ PicsArt-ը տալիս է անհավանական քանակությամբ հնարավորություններ լուսանկարի վրա աշխատելու համար, լուսանկարները կարելի է խմբագրել, և դա կիսել ընկերների հետ: Վերջինիս կարծիքով՝ օգտատերը հնարավորություն ունի իր պատկերացրած Հայատսանից ներկայացնել շատ հետաքրքիր մի բան, որը կարող է դառնալ արվեստի գործ:

ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի խորհրդական Լիլիթ Խանջյանը նշեց, որ «Fun Armenia» արշավն ուղղված է ներքին զբոսաշրջիկներին, բայց, այնուամենայնիվ, ցանկություն կա սահմաններն ընդլայնելու: Լիլիթ Խանջյանը նաև տեղեկացրեց, որ PicsArt-ում լուսանկարների տեղադրման սահմանափակում չկա, ցանկացած ոք կարող է տեղադրել այնքան նկար, որքան ցանկանում է:

Լուսանկարները կարող են արվել ինչպես պրոֆեսիոնալ ֆոտոխցիկով, այնպես էլ սովորական հեռախոսով, քանի որ նկարի որակային հատկանիշները կարևոր չեն: Տիգրան Ճորոխյանի համոզմամբ՝ կարևոր են օրիգինալությունը ու մարդկանց տեսանկյունը, թե ինչպես են ուրիշ Հայաստանի կոնցեպտը պատկերացնում:

«Fun Armenia» լուսանկարների մրցույթը կավարտվի սեպտեմբերի 9-ին: Տիգրան Ճորոխյանի փոխանցմամբ՝ մրցույթում կլինի առնվազն երկու հաղթող, որոնցից մեկը կորոշվի նկարների հավանումների շնորհին, մյուսը ժյուրի ընտրությամբ: Նրա խոսքով՝ այդ երկու հաղթողները կստանան Հայաստանում խելահեղ, այլընտանքային հանգստի հնարավորություն: Ինչպես նաև կլինեն այլ անակնկալներ:

Անի Թորոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս