«90-95 տոկոսով արտաքին կառավարումը Ռուսաստանում պահպանված է». Աշոտ Մանուչարյան
Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողները Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է վերաբերվում ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկին:
Ի պատասխան՝ նա ասաց, որ այսօր կան Հայաստանի տնտեսությունը քայքայող մի շարք համակարգեր: Ըստ նրա՝ պետք է լինեն տնտեսական մեծ համակարգեր ուրիշ տրամաբանության մեջ: Ա. Մանուչարյանը վստահ է՝ այսօրվա աշխարհի բոլոր տնտեսական համակարգերն ուղղված են նրան, որպեսզի ֆինանսական օլիգարխիան համաշխարհային փողը կուտակի:
«Մենք պետք է գտնենք տնտեսական համակարգեր այլ երկրների հետ նաև, որոնք պատրաստ են զարգացնել սեփական գիտությունը, կրթությունը, արդյունաբերությունը, մշակույթը, լեզուն և այլն՝ ինքնությունը պահպանելով: Թե ո՞ր երկրներն են դրանք, դա հետագա փնտրտուքների գործ է, իսկ այդ ԵՏՄ-ից դուրս գալը, ինչ-որ սենց մի պահ կա, որ ԵՏՄ-ն ստեղծել է Ռուսաստանը, ՀԱՊԿ-ն ստեղծել է Ռուսաստանը, և այլն: 90-95 տոկոսով արտաքին կառավարումը Ռուսաստանում պահպանված է, երկրի ամբողջ փիլիսոփայությունն իրեն խորթ համակարգերի վրա է, ինչպես նաև՝ Հայաստանը:
Այս տեսակետից հետևյալն է՝ եթե մենք պատահաբար, ի դեմս պարոն Մարուքյանի կամ այլ պարոնների՝ ձեռք ենք բերել մարդկանց, որ սեփական պատկերացումն ունեն՝ ինչպես տանեն տնտեսությունը, ինչպես պահպանել մեր երկիրը և այլ երկրների ժողովուրդների հետ եղբայրանալ ու առաջ գնալ նրանց հետ, թող առաջարկեն, իսկ եթե հանկարծ որևէ մեկը բերի նորից հերթական ԾԻԳ-ի առաջարկը, պետք է կարողանանք ասել, որ դա ընդունելի չէ»,- նշեց Ա. Մանուչարյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: