«Կայուն էներգետիկայի ակադեմիա 2017»-ի ընթացքում տեղի կունենան բաց ցուցահանդեսներ և անվճար դասընթացներ
Հայաստանի Ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը և Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ կազմակերպում են «Կայուն էներգետիկայի ակադեմիա 2017»-ը:
Ակադեմիայի ընթացքում տեղի կունենան մի քանի միջոցառումներ, այդ թվում՝
1. Կայուն էներգետիկայի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն Հայաստանում ներկա էներգետիկ լուծումներ, արտադրանք և ծառայություն մատուցող ընկերություններ։
Կայուն էներգետիկայի ցուցահանդեսներն անվճար են և բաց են հանրության համար։ Դրանց նպատակն է՝ ներկայացնել հայաստանյան շուկայում առկա էներգետիկ լուծումները, արտադրանքը և ծառայությունները։ Ի հավելումն՝ ներկայացվելու են նաև Հայաստանում ներկայումս մեկնարկող կայուն էներգետիկ զարգացման մի շարք նախագծեր, ինչպես նաև՝ տեղեկություններ այն մասին, թե ինչպես համայնքները կարող են շահել նման նախագծերից։
2. Կայուն էներգետիկայի ակադեմիա 2017-ն առաջարկում է անվճար դասընթացներ երեք թիրախային խմբերի համար։ Դասընթացի կազմակերպիչները նշում են, որ այս խմբերից յուրաքանչյուրը չափազանց կարևոր է համայնքներում վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետ լուծումների խթանման հարցում։ Դասընթացները կբացահայտեն, թե ինչպես օգտվել այն օրենքներից, տեխնոլոգիաներից և կազմակերպման ձևերից, որոնք վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետ լուծումների միջոցով տնային տենտեսություններն ու համայնքները դարձնում ենավելի էներգաապահով։
Երեք թիրախային խմբերն են՝
- ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ էլեկտրաէներգիա մատակարարող կազմակերպությունների անձնակազմ
- էներգաարդյունավետ լուծումներ առաջարկող մատակարարներ
- ուսանողներ և երիտասարդ մասնագետներ (ճարտարապետներ, ինժեներներ, տնտեսագետներ, քաղաքաշինարարներ, քաղաքագետներ, և այլ հետաքրքրված անձինք):
Թեմաները նվիրված են համայնքներում էներգետիկ դիմակայության և անկախության խթանմանը տնային և համայնքային մակարդակով վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետ լուծումների մեջ ներդրման միջոցով։
Վանաձոր քաղաքի միջոցառումը նախատեսված է հյուսիսային Արագածոտն, Գեղարքունիք, Լոռի, Շիրակ, Տավուշ մարզերի համայնքների համար:
Սիրարփի Աղաբաբյան