«Բաբլոյանը պետք է դուռը շրխկացներ, գար այստեղ, արտակարգ նիստ գումարեր, քանի որ մեզ հայհոյել են». Ազատ Արշակյան
«Ես կարծում եմ՝ դա հիմարությունն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ խոսելով ռուսերենը պետական լեզու դարձնելու առաջարկի մասին: Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել էր, որ Հայաստանի իշխանությունները երկրում օրենսդրորեն պաշտոնական կարգավիճակ տրամադրեն ռուսերեն լեզվին:
Կ. Քոչարյանը կապ չի տեսնում Ռուսաստանում վարորդ աշխատելու, մեքենա վարելու և Հայաստանում ռուսերեն լեզուն պետական դարձնելու միջև. «Եթե իրենք գտնում են, որ Ռուսաստանում վթարների մեծ մասը տեղի է ունենում լեզու չիմանալու պատճառով, խնդրեմ՝ դուք, ձեր երկիրը, վարորդական իրավունք տալու համար անցկացրեք քննություններ: Ի՞նչ գործ ունեք դուք, որ այլ երկրին փորձում եք պարտադրել ընդունել պետական լեզուն ռուսերեն»:
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ կարծիք հայտնեց, որ նման առաջարկ եղավ ՌԴ Պետդումայի խոսնակի կողմից, որովհետև նրանք մեզ որպես պետություն չեն ճանաչում.
«Նրանք իրենց աբորիգենին էին դիմում, այսինքն՝ հարգանք, արժանապատվություն չկա: Եթե Բաբլոյանն արժանապատվություն ունենար, պետք է դուռը շրխկացներ, գար այստեղ, արտակարգ նիստ գումարեր, քանի որ մեզ հայհոյել են: Նրանք արհամարհում են մեզ, պետություն ու ազգ չեն համարում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: