Խորհրդարանը հատուկ նիստում Բակո Սահակյանին ընտրեց հանրապետության նախագահի պաշտոնում
Այսօր՝ հուլիսի 19-ին, Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քիչ առաջ տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքները ամփոփելուց հետո հայտարարել է հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ռոմելա Դադայանը:
Էդուարդ Աղաբեկյանը ստացել է 4 ձայն:
Նիստին 33 պատգամավորներից ներկա էին 32-ը:
«Ժողովրդավարություն» խմբակցությունից հարգելի պատճառով բացակայում էր Արմո Ծատուրյանը:
ԼՂՀ ԱԺ երեք՝ «Հայրենիք», «Ժողովրդավարություն» և «Դաշնակցություն» խմբակցությունները առաջադրել էին գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը: Գործող նախագահին իր աջակցությունն էր հայտնել նաև Խորհրդարանի միակ անկախ պատգամավոր Արսեն Առստամյանը: Անցումային նախագահի պաշտոնում ընտրվելու համար բավարար էր 21 ձայնը։
Արցախի Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն, Խորհրդարանի ընտրած Հանրապետության նախագահը պաշտոնավարելու է մինչև գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտը՝ 2020 թվականը, որից հետո արդեն տեղի կունենան Արցախի նախագահի համապետական ընտրություններ: