«Լևոն Տեր-Պետրոսյանն առաջիններից մեկն էր, որ հասկացավ կարևորությունը…». Պարույր Հայրիկյան
«1992թ. մայիս ամիսը մենք սովորաբար հիշում ենք հաղթանակներով, բայց չմոռանանք, որ այդ ընթացքում լուրջ անհաջողություններ էլ էինք ունենում։ Շահումյանը դատարկվեց, շահումյանցիները դարձան գաղթական՝ ավելացնելով Սփյուռքը։ Մեզ համար կարևոր էր այդ փախստականների հոսքը կանխելը, որն սկզբից ԱԻՄ-ն անում էր ինքնուրույն, հետո տեղի ունեցավ իմ ու Լևոն Տեր-Պետրոսյանի համագործակցությունն այդ հարցում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
Նա հիշեցրեց, որ այդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն առաջարկել է դառնալ Գորիսի պարետ. «Ենթադրում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջիններից մեկն էր, որ հասկացավ կարևորությունը. մեծամասնության համար կռիվ-կռիվ խաղալն ավելի կարևոր էր, քան որևէ լուրջ ստրատեգիական քայլ կատարելը։ Նրանք ազատագրյալ տարածքներում պատմական բնակավայրեր վերականգնելու փորձ չունեին, դա շատերի համար նույնիսկ անհասկանալի էր»։
Հայրիկյանը նշեց, որ հասցրել են ստեղծել 6 բնակավայր, այնուհետև սկսվել է Ադրբեջանի հարձակումը. «Այդ ընթացքում Սյունիքի աշխարհազորում գրանցված 617 մարդուց միայն 43-ին կորցրինք, գործը հաջողությամբ պսակվեց, տեղում բնակավայրեր ստեղծվեցին։ 2002թ. մեր զոհված ընկերների հիշատակը հավերժացնելու համար կառուցեցինք Սրբոց Նահատակաց փոքրիկ եկեղեցին։ Մեր այս պատմական նախաձեռնությունը եթե լուրջ աջակցություն ստանար, կկարողանայինք տասնյակ-հազարավոր փախստականների հենց սկզբում տեղում պահել ու չէինք ունենա տարածքներ հանձնելու խնդիրներ»։
Ըստ Հայրիկյանի՝ հիմա Արցախում և Հայաստանում բոլոր խնդիրները Սահմանադրության հետ են կապված. «Քաղաքացին պետք է լինի երկրի տերը։ Երբ խոսում ես արտաքին քաղաքականության մասին, պետք է ոչ թե այս կամ այն երկրի գործակալները դերակատար լինեն, այլ պետք է լինի քաղաքացիների միասնական կամքով ճիշտ որոշում կայացնելու հնարավորություն»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում