Սանկցիաներ՝ «Սասնա ծռերի» գործով նիստին

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կդիմի Փաստաբանների պալատ՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների պաշտպաններ Մուշեղ Շուշանյանին և Արայիկ Պապիկյանին պատասխանատվության ենթարկելու համար:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ արձանագրությոն է կազմվել այն մասին, որ կարգադրիչը ձեռքի մետաղորսիչ սարքով զննության է ենթարկել Արայիկ Պապիկյանին, որի ընթացքում սարքը մետաղական իրի առկայության մասին ազդանշան է տվել, իր կողմից առաջարկ է հնչել՝ ցույց տալ մետաղական իրը կամ ազատվել դրանից, սակայն վերջինս հրաժարվել է կատարել պահանջը:

Ըստ դատավորի՝ նույն արձանագրության վրա առկա է նաև Արայիկ Պապիկյանի գրառումը, որի համաձայն՝ իրեն ապօրինի պահանջ է ներկայացվել՝ պայուսակից հանել ազդանշան արձակող բոլոր իրերը:

Փաստաբանը նշել է, որ, եթե դրանք արգելված են, ապա պետք է ներկայացվի դրանց ցանկը, ինչպես նաև իրավական ակտը՝ արգելված լինելու մասին, այլապես պահանջը կամայական է և խոչընդոտում է իր մասնագիտական աշխատանքը կատարելու հարցում:

Նույնանման արձանագրությոն էր կազմվել այս անգամ փաստաբան Մուշեղ Շուշանյանի նկատմամբ, որի համաձայն՝ դատական կարգադրիչը ձեռքի մետաղորսիչ սարքով զննության է ենթարկել փաստաբանին, որի ընթացքում սարքը մետաղական իրի առկայության մասին ազդանշան է տվել, առաջարկ է հնչեցվել՝ ցույց տալ մետաղական իրը կամ ազատվել դրանից, սակայն վերջինս հրաժարվել է կատարել այդ պահանջը:

Ըստ դատավորի՝ արձանագրության վերաբերյալ Մուշեղ Շուշանյանի կողմից գրառում էր կատարվել, որի համաձայն՝ իրեն պահանջ է ներկայացվել բացել պայուսակն ու հանել մետաղական առարկաները, սակայն ինքը հրաժարվել է կատարել այդ անօրինական պահանջը:

Ըստ նրա՝ պահանջն ապօրինի է, քանի որ նրա կողմից չի վկայակոչվել այն իրավական հիմքը, որի ուժով դատական կարգադրիչն իրավունք ունի փաստաբանին խուզարկության ենթարկել՝ նրա պայուսակի պարունակությունը դատարկելու միջոցով: Փաստաբանը նշել էր, որ չկա իրավական ակտ, որը սահմանում է արգելված իրերի ցանկը, որոնցով դատարան մուտք գործելն արգելված է, դատական կարգադրիչի պահանջը կամայական է, չունի իրավական հիմք, դրա հետևանքով խախտվում է իր պաշտպանյալների պաշտպանության իրավունքը:

Փաստաբանը դատարանից պահանջել էր միջոցներ ձեռնարկել իր և իր պաշտպանյալների իրավունքների խախտումը վերացնելու և իր մուտքը դատական նիստերի դահլիճ ապահովելու նպատակով:

Փաստաբան Հրանտ Գևորգյանը հայտարարեց, որ Մուշեղ Շուշանյանը ոչ մի կերպ չի կարողանում հայտնվել նիստերի դահլիճում, քանի որ յուրաքանչյուր անգամ արգելք է դրվում նրա մուտք գործելու դեմ: Նա խնդրեց միջոցներ ձեռնարկել՝ փաստաբանի մուտքը դահլիճ ապահովելու համար:

Դատավորը 20 րոպե ընդմիջում հայտարարեց, իսկ երբ նիստը վերսկսվեց, հրապարակեց որոշումները՝ փաստաբաններին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով Փաստաբանների պալատ դիմելու մասին:

Դատավորի այս որոշման դեմ ընդդիմացան գործով մյուս ամբաստանյալների պաշտպանները: Հրանտ Գևորգյանն ասաց, որ իրենք դատարանին խնդրել էին լուծել պաշտպանի՝ դատարանում գտնվելու, և ոչ թե՝ նրա նկատմամբ սանկցիա կիրառելու հարցը:

Դատարանի գործողությունների դեմ առարկություն էր ցանկանում հայտնել նաև պաշտպան Ինեսսա Պետրոսյանը, ում դիմելիս՝ դատավորն ասաց՝ «Պարո՛ն Ինեսսա», ապա ուղղեց իրեն. «Տիկի՛ն Ինեսսա Պետրոսյան, նստեք, խնդրում եմ: Դատավորը մի քանի պաշտպանի նկատմամբ սանկցիա կիրառեց՝ նախազգուշացրեց, ապա հեռացավ խորհրդակցական սենյակ՝ փաստաբան Հարություն Բաղդասարյանի վերաբերյալ որոշում կայացնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս