Երևանի թիվ 135 դպրոցը քանդվել-անհետացել է. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող համար 135 հիմնական դպրոցը վերջին մոտավորապես մեկ ամսվա ընթացքում գրեթե անհետացել է: Այն քանդվել, ավերակ է հիշեցնում: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից վստահեցնում են, որ դպրոցը նորից է կառուցվելու:
Մանրամասնեցին, որ այն ընդգրկված է հանրակրթական ուսումնական հաստատությունների հիմնանորոգման՝ կառավարության կողմից հաստատված ծրագրի մեջ և պետք է վերակառուցվի Ասիական զարգացման բանկի միջոցներով:
«Դա պետք է լինի սեյսմակայունության ժամանակակից սկզբունքներին համապատասխան»,- ասաց վարչության պետ Արթուր Գևորգյանը՝ հավելելով, որ նշված ծրագրում ընդգրկված է երևանյան 14 դպրոց: Նշենք, որ «Հանրակրթական հաստատությունների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում առաջնահերթ ամրացվելիք կամ կառուցվելիք դպրոցները 20- ն են, թեպետ վթարային է համարվում ավելի քան 420 այդպիսի շենք: Ծրագրի իրագործումը նախատեսված է 2015-2030 թվականներին: Քանդված համար 135 դպրոցում վերջին ուսումնական տարվա դրությամբ սովորել է 1 288 աշակերտ: Մինչև նոր շենքի կառուցումը նրանք ուսումը կշարունակեն հանրակրթական այլ հաստատություններում»։
Լուսանկարը՝ armtimes.com-ի
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։