«Շիրակացու ճեմարանին» կթույլատրվի շարունակել անգլերենով ուսուցումը

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» ՓԲ ընկերությանը կթույլատրվի 2017-2018 ուսումնական տարվանից միջնակարգ կրթության երրորդ աստիճանի 11-12-րդ դասարաններում իրականացնել «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագիրն անգլերենով` 3 տարի ժամկետով: Այս մասին որոշումը նախատեսվում է ընդունել կառավարության հուլիսի 20-ի նիստում։

Կրթահամալիրում «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագիրն իրականացվում է ոչ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Նշենք, որ հաստատությունն արդեն իսկ իրականացնում է օտար լեզվով (անգլերեն) կրթություն, որի թույլտվության եռամյա ժամկետը նոր ուսումնական տարվա սկզբին ավարտվելու է, և ժամկետի այս երկարաձգումը սահմանված է օրենսդրությամբ։

2015-2016 ուստարում ՄԲ Դիպլոմային ծրագրի անդրանիկ շրջանավարտները (12 սան) հանձնել են ինչպես՝ ՀՀ պետական ավարտական, այնպես էլ՝ ՄԲ Դիպլոմային ծրագրի ավարտական քննությունները և ստացել են համապատասխանաբար՝ ատեստատներ ու դիպլոմներ: Նրանց դիպլոմների միջին գնահատականը կազմել է 33 միավոր (10 %-ով բարձր, քան ՄԲ համակարգում ընդգրկված 4655 դպրոցների միջին միավորը):

Կարդացեք նաև

2016-2017 ուստարում ՄԲ Դիպլոմային ծրագիրն ավարտում են 6 սաներ։ Նշված երկու տարիների ՄԲ Դիպլոմային ծրագրի բոլոր 18 շրջանավարտներն էլ ընդունվել են արտերկրի բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություններ, որոնցից 5-ին տրամադրվել է՝ 100 %, և 2-ին՝ 50 % կրթաթոշակ:

Տեսանյութեր

Լրահոս