Բաժիններ՝

10 ֆիլմ, որ առաջարկում է դիտել Վիվյեն Բաստաջյանը

Կան ֆիլմեր, որոնք նախատեսված են թեթև, ռոմանտիկ ապրումներ ունենալու, դեմքը ժպիտով զարդարելու և, իհարկե, հանգստանալու համար: Բայց կան այնպիսիները, որոնց առաքելությունն է հոգեբանական սարդոստայններ հյուսելը, ֆիլմը դիտողի գլուխը մտածելու տեղիք տվող հարցերով լցնելը և իր հետքը տվյալ մարդու ներաշխարհում հավերժ դաջելը: Հենց վերջին դասին պատկանող ֆիլմերից է կազմված 168.am-ի նախաձեռնած ֆիլմեր առաջարկելու գործընթացին այս շաբաթ միացած դերասանուհի Վիվյեն Բաստաջյանի տասնյակը:

«Գիշեր» (La Notte) 

Իտալացի կինոռեժիսոր, կինոքննադատ և սցենարիստ Միքելանջելո Անտոնիոնիի կողմից 1961 թվականին նկարահանված ֆիլմի գլխավոր հերոսները գրող Ջիովաննին (Մարչելո Մաստրոյանի) և նրա կինը՝ Լիդիան (Ժաննա Մորո) են: Ստեղծագործական ճգնաժամ… Զգացմունքների մայրամուտ… Սովորությունների մթնշաղ… Հիվանդանոց, «գիշերվա» մեջ ընկղմված մտերիմ ընկեր… Լույսի անիմաստ որոնումներ. հիշողությունների մթություն, գիշերային ռեստորան, հարուստ երեկույթ: Երիտասարդ Վալենտինան (Մոնիկա Վիտտի)՝ հոգում իր փոքրիկ «գիշերով»: Հուսահատության, հայտնությունների, անկեղծության «հեղեղ»…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Ցանկության թևերը» (Der Himmel über Berlin) 

Գերմանացի կինոռեժիսոր, լուսանկարիչ, սցենարիստ, պրոդյուսեր Վիմ Վենդերսի 1987 թվականի «Ցանկության թևերը» ֆիլմը պատմում է մարդկանց համար անտեսանելի երկու հրեշտակների՝ Դամիելի (Բրունո Գանց) և Կասսիելի (Օտտո Զանդեր) մասին, ովքեր կարդում են մարդկանց մտքերը, վայելում են իրենց ազատությունը, բայց միևնույն ժամանակ՝ մի փոքր նախանձում են մահկանացուներին, քանի որ հերոսներն իրենք դատապարտված են անմահության: Հրեշտակների աշխարհում չկա ժամանակ և ոչինչ ֆիզիկական, կա միայն միտք և հոգի: Սիրելով կրկեսային ակրոբատուհի Մարիոնին (Սոլվեյգ Դոմմարտին), Դեմիելն ընտրում է երկրային սերը և կյանքը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Մորու բացատը» (Smultronstället) 

«Մորու բացատը» 1957 թ․ նկարահանված՝ շվեդ կինոռեժիսոր Ինգմար Բերգմանի ֆիլմն է:
Ֆիլմը պատմում է Իսահակ Բորգի (Վիկտոր Դավիդ Շյոստրյոմ)՝ 78-ամյա մի պրոֆեսորի մասին, ով հիշում և վերանայում է իր երկար կյանքի հիասթափությունները: Նա ապրում էր Ստոկհոլմում և որդու կնոջ (Ինգրիդ Տուլին) հետ ավտոմեքենայով մեկնում է Լունդե՝ բժիշկ համախոհների ընկերությունից մրցանակ ստանալու նպատակով: Ճանապարհին նա այցելում է վայրեր, որտեղ անցել է նրա երիտասարդությունը, հանդիպում է տարբեր մարդկանց և հին ընկերներին, հիշում է իր երազները և ավելին:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Պիեռայի պատմությունը» (Storia di Piera) 

Իտալացի կինոռեժիսոր Մարկո Ֆերրերիի դրաման պատմում է Պիեռայի մասին (Իզաբել Հյուպպեր): Նրա հայրը մեծահարուստ, բայց թուլակամ մարդ է (Մարչելո Մաստրոյանի), իսկ մայրը՝ թեթևաբարո կին (Հաննա Շիգուլա), ով անընդհատ դավաճանում է ամուսնուն: Վերջինս ստիպված է հանդուրժել այդ ամենը, որպեսզի պահպանի ընտանիքը: Սակայն նման հանգամանքներում ծնողները չեն կարող դստերը լիարժեք դաստիարակություն տալ: Արդյունքում՝ Պիեռան մեծանալով նմանվում է մորը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Բարև, ես եմ» 

1965 թ. ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի կողմից նկարահանված ֆիլմը պատմում է ճանաչված ֆիզիկոս Արտյոմ Մանվելյանի (Արմեն Ջիգարխանյան) նվաճումների ու նրա կողմից Հայաստանում տիեզերագիտական լաբորատորիայի հիմնադրման մասին:

Ֆիլմի սցենարը մասամբ հիմնված է Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի հիմնադիր, հայ մեծանուն ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանի կյանքի պատմության վրա։

«Բարև, ես եմ»-ը 1966 թվականին մասնակցել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրին:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Վերադարձ» (Возвращение) 

«Վերադարձ» գեղարվեստական ֆիլմը ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի առաջին ռեժիսորական աշխատանքն է:

Երկու եղբայրների կյանքում պատահաբար հայտնվում է հայր (Կոնստանտին Լավրոնենկո), ով ծանոթ է նրանց միայն լուսանկարից: Տարօրինակ, իրենց համար խորթ մարդու հայտնվելը փոխում է տղաների կյանքը. հայրը որդիներին հեռացնում է իրենց հարազատ հանգիստ քաղաքից և բերում է ամայի կղզի:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«8½» («Ութ ու կես», «Otto e mezzo») 

Ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի կողմից նկարահանված իտալական կինոնկարը պատմում է ռեժիսորի ստեղծագործական գործընթացի մասին. ճգնաժամ, որոնումներ, երևակայության հնարքներ, փակուղիներ, սուբյեկտիվի և օբյեկտիվի անխախտելի հոսք:

Եվ, իհարկե, կանանց լիություն, ովքեր շրջապատում են գլխավոր հերոսին՝ Գուիդոյին (Մարչելլո Մաստրոյանի), և բոլորը՝ առանց բացառության, սիրում են նրան:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Գարուն, ամառ, աշուն, ձմեռ… և նորից գարուն» (կոր.՝ 봄여름가을겨울 그리고 봄) 

Կորեացի ռեժիսոր Կիմ Կի Դուկի գեղարվեստական ֆիլմի գործողությունները տեղի են ունենում լեռնային խաղաղ վայրում, որտեղ կյանքը ենթարկվում է բնության ռիթմին, լճի մակերեսին գտնվում է պագոդան։ Նրա բնակիչներն են ծեր վանական բժիշկը և նրա երիտասարդ սանը։

Վանականը, թեև իմաստուն լինելով, ի զորու չէ կանխել սպասվելիք իրադարձությունները, այնպես, ինչպես ոչ ոք չի կարող կանգնեցնել տարվա եղանակների հերթափոխը։ Այդպես անցնում են գարունը, ամառը, աշունը, ձմեռը, և նորից գալիս է գարուն։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Բուրժուազիայի համեստ հմայքը» (Le Charme discret de la bourgeoisie) 

Իսպանացի կինոռեժիսոր Լուիս Բունյուելի կինոնկարն իրենից ներկայացնում է բուրժուական անարժեք կյանքի ծաղրական, սյուրռեալիստական էսքիզը: Ֆիլմում երազը և իրականությունը միահյուսված են խենթ իրադարձությունների խճանկարում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Թուրքական հաճույքներ» (Turks fruit) 

Ֆիլմը նկարահանվել է 1973 թվականին, նիդեռլանդական և ամերիկյան կինոռեժիսոր և սցենարիստ Պոլ Վերհովենի կողմից:

Ոչինչ չէր նախանշում, որ Էրիկի և Օլգայի հանդիպումը մի քանի ժամից ավելի կտևի: Ավտոմեքենայի հետևի նստատեղին տեղի ունեցած էրոտիկ արկածները դառնում են անսահման սիրո սկիզբը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

Անի Գաբուզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս