«Ոչ մի բան չի փոխվում՝ բացի գնի բարձրացումից». վարորդների իրավունքների պաշտպան
Վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանն այսօրվա ասուլիսում՝ խոսելով ավտոկայանատեղիների՝ SMS հաղորդագրության միջոցով վճարի թանկացման և վճարահաշվարկային տերմինալների հետ կապված խնդիրների մասին, ասաց, որ օրենսդրորեն 1 ժամվա համար քաղաքացուց կարող է գանձվել մինչև 300 դրամ: Ամբողջ խնդիրն այն է, որ չհիմնավորված են բարձրացրել գինը:
«Ոչ մի բան չեն անում, ոչ մի որակ չեն բարձրացնում: Ենթադրվում էր, որ ներկի որակը կբարձրացվի, սպասարկման որակ կբարձրացվի, կայանատեղիների քանակը կշատացվի, բայց ոչինչ չի արվում. ներկն էլ գնալով ավելի է ջրիկանում: Միջազգային շուկայում ներկի թանկացում էլ չի նկատվել, բայց գները բարձրանում են: Ոչ մի բան չի փոխվում՝ բացի գնի բարձրացումից: Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր գնում են նկարելու, վաղը կարող են ասել՝ մեքենան բենզինով է, գազով չէ, պիտի բենզինի փողն էլ տաք»:
Արտակ Խաչատրյանի համոզմամբ՝ օպերատորի և ԱԱՀ-ի գումարը ներառված էր 100 դրամի մեջ, պարզապես այստեղ կա գերշահույթի նպատակ: Նրա խոսքով՝ օպերատորը գինը չի բարձրացնում, ուղղակի «Փարքինգ սիթի սերվիս» ընկերությունն ասում է մաքուր իմ 100 դրամը տվեք:
Սպառողների խորհրդատվություն կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը ևս այն կարծիքին է, որ թանկացումն արվել է առանց հիմնավորման, ինչը սպառողի իրավունքների ոտնահարում է:
«Սպառողին չի հետաքրքրում, թե ով ինչքան է վերցնում: Նրան առաջարկված է վճարել 100 դրամ, նա դա է վճարում՝ չիմանալով՝ ում է գնում: Բայց հանկարծ պարզվում է, որ այսքան ժամանակ միջնորդավճար կար: Այս խնդիրը ծառայություն մատուցողինն է, նա պիտի կարգավորի, բայց ոչ՝ ի հաշիվ սպառողի»,- ասաց Կարեն Չիլինգարյանը:
Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ այս իրավիճակը հանգեցնում է նրան, որ մարդիկ ամսական կամ տարեկան վճարում կատարեն, բայց այստեղ էլ անհեթեթ իրավիճակ է այն առումով, որ 12.000 դրամը հաշվվում է ոչ թե կլոր տարվա, այլ ընթացիկ տարվա մինչև դեկտեմբերի 31-ի համար: Նրա կարծիքով՝ սա արվում է սպառողին շփոթության մեջ գցելու համար:
«Մասնավորից քաղաքապետարանին հանձնելը վատ անդրադարձավ, մենք սպասում էինք, որ լավ կլինի, բայց հակառակը եղավ»,- նշեց Կարեն Չիլինգարյանը:
Սպառողների խորհրդատվություն կենտրոնի նախագահի պնդմամբ՝ խնդիրներ կան՝ կապված տերմինալների հետ, քանի որ դրանք ամեն տեղ չկան: Դրանք հիմնականում կենտրոնում են, այնինչ կարմիր գծերն ամբողջ քաղաքում են: Բանախոսի խոսքով՝ սպառողի մոտ՝ հատկապես 50-ից բարձր անձանց մոտ, sms ուղարկելու խնդիր էլ կա:
Բանախոսը նաև նշեց, որ ավտոկայանատեղիի համար պետք է հատկացված լինի ինչ-որ տեղ՝ լինի դա շենքի տակ կամ տնտեսվարողի կողմից վարձակալած տարածք: Բայց ոչ թե երթևեկելի մասում գիծ քաշվի և դրա համար գումար պահանջվի:
«Այս խնդրի առաջ կանգնեցինք, քանի որ որակ չէինք պահանջում: Իրենց էլ ձեռք ա տալիս մի բանկա ներկով ամբողջ քաղաքը ներկելը: Բայց գոնե որակը բարձրացրե՛ք, իդեալական դարձրե՛ք, նոր սկսեք պահանջել քաղաքացիներից»,- հավելեց Արտակ Խաչատրյանը:
Անի Թորոսյան