«Ինձ համար շատ կարևոր է, որ Ցեղասպանություն ապրած ժողովրդի մեջ եմ հիմա». թուրք գրող-հրապարակախոս
«Հրանտ Դինք» հիմնադրամի «Հաղթահարենք սահմանները» ծրագրի շրջանակներում Երևան ժամանած թուրք գրող-հրապարակախոս Զեյնել Աբիդին Քըզըկյափրաքը պնդում է՝ Թուրքիան, արդեն գրեթե մեկ տարի է՝ բռնատիրական կարգերով է ղեկավարվում, և ամբողջ երկրով մեկ արտակարգ իրավիճակ է: Նրա խոսքով՝ հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջումից հետո բազմաթիվ մարդիկ բանտարկվեցին և աշխատանքից հեռացվեցին: Թուրք գրողի տվյալներով՝ առ այսօր 71.000 մարդ բանտում է գտնվում:
«41.000 մարդ ձերբակալվեց, հարցաքննվեց, 2.800 կազմակերպություն փակվեց՝ այդ թվում՝ արհմիություններ, մամուլ, սոցիալական, մշակութային, տնտեսական միություններ: Սրանցից միայն 50-55 հիմնարկ կարողացավ վերաբացվել: Թե՛ վարժարանի, և թե՛ համալսարանի դասախոսներից, Ոստիկանության Ներքին գործերի աշխատակիցներից ավելի քան 100.000 մարդ անգործ մնաց: Փակվեց 157 լրատվամիջոց: Այսօր բանտում է գտնվում 121 լրագրող, 13 քուրդ պատգամավոր, 60 քուրդ քաղաքապետ»,- ասաց Զեյնել Աբիդին Քըզըկյափրաքը:
Զեյնել Աբիդին Քըզըկյափրաքի խոսքով՝ համալսարանի երկու դասախոս արդեն 127 օր հացադուլ են անում, իսկ նրանց միակ մեղքը, գրողի կարծիքով, ոչ այլ ինչ էր, քան պարզապես դասախոս լինելը:
Անդրադառնալով 2019 թվականի ընտրություններին՝ Զեյնել Աբիդին Քըզըկյափրաքին հույս հայտնեց, որ Էրդողանը պարտություն կկրի:
Ինչ վերաբերում է խորհրդարանում առաջարկվող օրենսդրական փաթեթին, ըստ որի՝ որոշ պատմական իրադարձությունների մասին խոսելու դեպքում պատգամավորները հեռացվելու են և վարչական տույժի են ենթարկվելու, ապա գրող-հրապարակախոսն ասաց.
«Եթե Թուրքիայի օրենսգրքով չկա հատված, որ ցեղասպանությունը չպետք է կոչել ցեղասպանություն, և, եթե հասարակ քաղաքացին չի տուժում դրանից, ինչո՞ւ պիտի պատգամավորն ունենա խնդիր: Ես չեմ կարծում, որ նման բանն օրենքի տեսք ստանա»:
Գրողի կարծիքով՝ իրեն չձերբակալելու միակ պատճառն այն է, որ Եվրոպայի հետ սերտ կապերի մեջ է, և Թուրքիան չէր ցանկանա Եվրոպայի հետ կապեր ունեցող մարդուն բանտարկել: Բայց, այնուամենայնիվ, բանախոսը նշեց, որ ամեն անգամ Գերմանիա մեկնելիս վախով է մեկնում. գուցե բռնեն, հարցաքննեն:
Միակ լավ լուրը, որ բանախոսը կարողացավ ասել այսօրվա Թուրքիայի մասին, այն է, որ Թուրքիան ավելի վատ էր Էրդողանի ղեկավարման առաջին տարիներին, իսկ հիմա այդքան էլ վատ չէ վիճակը:
«Իմ հետ ոչ միայն ոչինչ չեղավ Հայաստանում, այլև ավելին՝ ես մարդկանց շատ սիրեցի: Ինձ համար շատ կարևոր է, որ Ցեղասպանություն ապրած ժողովրդի մեջ եմ հիմա, ու ուզում եմ ինքս ինձ հարգել: Դրժելով պատմական իրողությունը և իրերն իրենց անունով չկոչելու համար՝ մարդ արժանապատվությունից զուրկ պիտի լինի»,- ասաց Զեյնել Աբիդին Քըզըկյափրաքը:
Անի Թորոսյան