Ինչպես աշխատել Ռուսաստանի հետ

Ավելի քան քառորդ դար է, ինչ Երևանի և Մոսկվայի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ։ Այսօր ռուս-հայկական հարաբերությունները, ինչպես հայտարարվում է ամենաբարձր մակարդակով, կրում են ռազմավարական գործընկերության բնույթ։ Ակնհայտ է, որ գործընկերությունը կարելի է արդյունավետ համարել, եթե այն համապատասխանում է երկու կողմերի շահերին, ոչ պակաս ակնհայտ է նաև այն փաստը, որ չնայած ռազմավարական գործընկերությանը, Ռուսաստանը, ինչպես և ցանկացած այլ պետություն, ձգտում է առաջին հերթին՝ առաջ մղել և պաշտպանել իր ազգային շահերը։ Որպեսզի Մոսկվայի հետ փոխհարաբերությունները Երևանի համար չդառնան զրոյական գումարով խաղ, անհրաժեշտ է պատշաճ կերպով Կրեմլի իշխանական կառույցներին հասցնել հստակ ձևակերպված հայկական շահերը և «կարմիր գծերը», որոնք անցնել չի կարելի։ Դրա հետ կապված՝ արդիական են դառնում Ռուսաստանի հետ արդյունավետ համագործակցության և Մոսկվայի՝ տարածաշրջանին առնչվող արտաքին քաղաքական որոշումների վրա ազդելու գործուն մեխանիզմների որոնման հարցերը։

Անխոս, երկկողմ փոխգործակցության հիմնական և գլխավոր մեխանիզմն ուղիղ կապն է պետական տարբեր մակարդակներում (բարձր մակարդակի հանդիպումներ, պետությունների ղեկավարների միջև հեռախոսազրույցներ, արտգործնախարարների և տարբեր մակարդակի պաշտոնյաների փոխադարձ այցելություններ, դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեություն, և այլն)։ Ռուսաստանի հետ արդյունավետ աշխատելու համար Հայաստանին, առաջին հերթին, անհրաժեշտ են ուժեղ դիվանագիտական ռեսուրսներ։

Այլ կերպ ասած՝ Երևանին պետք են դեսպանատներ և հյուպատոսություններ, որոնց միջոցով հնարավոր կլինի Կրեմլում որոշումներ կայացնողներին ժամանակին հասցնել Հայաստանի դիրքորոշումը կարևոր հարցերի վերաբերյալ։ Այսօր փորձագիտական միջավայրում տիրապետող է այն հիմնավոր կարծիքը, որ Ռուսաստանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեությունն արդյունավետ չէ և չի համապատասխանում ստեղծված իրողություններին։ Դրա վառ ապացույցները տեսանք 2016թ․ ապրիլի դեպքերի ժամանակ, երբ հայկական դիվանագիտական առաքելությունը լռություն էր պահպանում և անթույլատրելի պասիվ էր, ի տարբերություն ադրբեջանական կողմի։

Հանրային դիվանագիտություն

Չունենալով բավականաչափ արդյունավետ դիվանագիտական ներկայացուցչություններ՝ Հայաստանի համար ազդեցության կարևոր գործիք կարող է լինել հանրային դիվանագիտությունը։ Այդ ուղղության շրջանակներում, նախ՝ Երևանը պետք է զարգացնի Ռուսաստանում հասարակական կարծիքի վրա տեղեկատվական ազդեցության միջոցները՝ բոլոր կարևոր հարցերում հայկական դիրքորոշումն արտահայտող ռուսալեզու հայկական ԶԼՄ-երի դիրքերի ամրապնդման, ինչպես նաև՝ նոր ռեսուրսների ստեղծման ճանապարհով։ Երկրորդ՝ անհրաժեշտ է ձևավորել Ռուսաստանում մասնաճյուղեր ունեցող հայկական պետական հիմնադրամ՝ Հայաստանի համար արդիական հիմնահարցերը հետազոտող հայկական և ռուսական հասարակական կազմակերպություններին, գիտավերլուծական կենտրոններին և երիտասարդ գիտնականներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով։ Նման հիմնադրամներ կան շատ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, և պետական պատշաճ աջակցության դեպքում կարող են դառնալ արժեքավոր արտաքին քաղաքական գործիք Հայաստանի ձեռքում։

Բացի այդ, անհրաժեշտ է ամեն կերպ աջակցել հայկական ծագմամբ գործիչներին, ովքեր ակտիվ են հասարակական-քաղաքական ոլորտում և մեդիադաշտում։ Նրանց միջոցով հնարավոր կլիներ ձևավորել հասարակական կարծիք և որոշակի դիսկուրս՝ ըստ պահանջված օրակարգի։ Այդ համատեքստում ռուսաստանյան ԶԼՄ-ների հետ աշխատանքը Հայաստանի և Ռուսաստանում հայկական ճնշման խմբերի համար պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը։ Նյութերի հրապարակումն առաջատար ռուսական ԶԼՄ-երում, ինչպես նաև՝ մասնակցությունը ռեյտինգային հեռուստատեսային հաղորդումներին, թույլ կտան ձևավորել հայկական շահերին համապատասխանող օրակարգ, հասցնել հայկական տեսակետը, այդ թվում՝ ոչ հայերի շուրթերով, որոշումներ կայացնող անձանց։ 

«Սեփական» թեկնածուների առաջմղումը Ռուսաստանի Դաշնության Պետական դումայում 

Բացի հանրային դիվանագիտությունից, Հայաստանը պետք է նաև լիարժեք օգտագործի հայկական գործոնը Ռուսաստանում՝ պետական շահերը պաշտպանելու նպատակով։ Ռուսաստանում ապրում է ամենամեծ հայկական համայնքը, որը, համաձայն վերջին մարդահամարի տվյալների՝ կազմում է 1 միլիոն 182,4 հազար մարդ։ Այդ թվերն ամբողջությամբ չեն արտահայտում իրականությունը, քանի որ ընդունված է համարել, որ Ռուսաստանում հայերի թիվն իրականում հասնում է մինչև 2,5 միլիոն մարդու, ինչը Ռուսաստանի արտաքին քաղաքական որոշումների վրա ազդելու պոտենցիալ գործիք է։ Բացի նշանակալի ընդհանուր թվաքանակից, Հայաստանի համար հսկայական ռեսուրս է հայերի կոմպակտ բնակությունը Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում և Ռոստովի մարզում։ Այդ շրջաններում հայկական համայնքները լուրջ ազդեցություն և սոցիալական կշիռ ունեն։

Այսօր այդ գործոնը լիարժեք չի օգտագործվում, ինչի մասին վկայում են հայկական ծագմամբ Ռուսաստանի քաղաքացիների բացակայությունը ՌԴ Պետական դումայում և սահմանափակ ներկայացվածությունը տարածքային օրենսդրական մարմիններում։ Ռուսաստանում հայկական ռեսուրսի արդյունավետ օգտագործման համար անհրաժեշտ է նպաստել հայկական ծագմամբ Ռուսաստանի քաղաքացիների առաջմղմանը ՌԴ իշխանական կառույցներում։

Դա պահանջում է ակտիվ աշխատանք հիմնական քաղաքական կուսակցությունների հետ և հայկական ծագմամբ թեկնածուների նախընտրական քարոզարշավի ֆինանսավորում։ Իհարկե, չի կարելի իդեալականացնել էթնիկ խմբերի ազդեցությունը Ռուսաստանում քաղաքական որոշումների ընդունման գործընթացի վրա, սակայն, ի դեմ հայ պատգամավորի, Հայաստանը՝ որպես պետություն, կստանա իր անմիջական լոբբիստին, ով անհրաժեշտության դեպքում կարող է կապի ուղի լինել և հասցնել Երևանի դիրքորոշումը Կրեմլում որոշումներ ընդունող անձանց, և հակառակը՝ Մոսկվայի հաղորդագրությունները փոխանցել հայկական իշխանություններին։

Ոչ պաշտոնական լոբբինգ 

Ի տարբերություն Միացյալ Նահանգների կամ Եվրոպական Միության, որտեղ լոբբինգն օրինական գործունեություն է և ունի նորմատիվ-իրավական հիմք, Ռուսաստանում այն չունի հստակ իրավական կարգավորում։ Եվ մեծամասամբ այդ պատճառով «լոբբինգ» եզրույթն ինքնին ժամանակակից ռուսական իրականությունում ստացել է բացասական իմաստավորում և հաճախ ասոցիացվում է կոռուպցիոն սխեմաների հետ։ Չնայած դրան, լոբբինգը Ռուսաստանում, ամեն դեպքում, ներկայացված է և բավականին արդյունավետ գործիք է ճնշման խմբերի համար։

Պատմականորեն Ռուսաստանում լոբբինգի օբյեկտը միապետն էր, ում ձեռքում կենտրոնացված է եղել ողջ իշխանությունը, իսկ լոբբիստները նրա մերձավորներն էին կամ սիրելիները, ովքեր որոշակի կարգավիճակ և կայսրի «մարմնին հասանելիություն» ունեին։ Այսօր, չնայած ՌԴ Սահմանադրության 10-րդ հոդվածն ամրագրում է պետական իշխանության՝ օրենսդիր, գործադիր և դատական մարմինների տարանջատման սկզբունքը, գործնականում բոլոր կարևոր որոշումներն ընդունվում են նախագահի կողմից կամ նրա հետ համաձայնեցմամբ։

Այդ համակարգում լոբբիստների դերը կատարում են դաշնային և տարածքային մակարդակի պատգամավորները, սենատորները, տարբեր նախարարությունների և գերատեսչությունների պաշտոնյաները, Նախագահի աշխատակազմի, ՌԴ կառավարության և այլ կառույցների աշխատակիցները, ովքեր ունեն իշխանական լիազորություններ։ Առաջին հերթին՝ հենց այդ խմբի մարդկանց հետ պետք է աշխատեն Հայաստանը և Ռուսաստանի հայկական ճնշման խմբերը, որպեսզի կարողանան հասնել նախագահին և փորձեն ազդել հայկական պետության համար կարևոր քաղաքական որոշումների կայացման գործընթացի վրա։ Ընդ որում, աշխատանքը Ռուսաստանում որոշումներ ընդունող անձանց հետ պետք է լինի ոչ թե իրավիճակային, այլ՝ համակարգային, ինչը թույլ կտա միշտ տեղյակ լինել սպասվող քաղաքական քայլերի մասին և հնարավորություն կտա սեփական դիրքորոշումը ժամանակին տեղ հասցնել և կանխել հնարավոր բացասական հետևանքները։ 

Հայաստանի ձայնը միջազգային կազմակերպություններում

Միջազգային կազմակերպություններում զգայուն հարցերի վերաբերյալ քվեարկության ժամանակ դիրքորոշման ընտրությունը Հայաստանի համար պետք է հիմնվի բացառապես ազգային շահերի վրա և անտեսի երրորդ կողմերի առաջարկները։ Սակայն Ռուսաստանի հետ վստահելի հարաբերությունները պահպանելու նպատակով հայկական կողմը կարող է իրեն թույլ տալ աջակցել իր ռազմավարական գործընկերոջը վերջինիս համար սկզբունքային և իր համար ոչ այնքան կարևոր հարցերում։ Դրա հետ կապված՝ միջազգային կազմակերպություններում պետության ներկայացուցիչների արտահայտած տեսակետը չպետք է թելադրված լինի երրորդ կողմի շահերով, քանի որ անհրաժեշտ է հաշվի առնել հնարավոր ռիսկերը Հայաստանի համար զգայուն հարցերում։

Այդ համատեքստում, որպես արդիական օրինակ, կարելի է բերել քվեարկությունը՝ ՄԱԿ-ում փախստականներին Աբխազիա և Հարավային Օսիա վերադարձնելու հարցով։ Այդ նախաձեռնությանը դեմ քվեարկեց 14 պետություն, որոնց շարքում Հայաստանի և Ռուսաստանի կողքին էին Բելառուսը, Բուրունդին, Կուբան, Լաոսը, Նաուրուն, Նիկարագուան, Հարավային Սուդանը, Սիրիան, Վենեսուելան, Վիետնամը, Զիմբաբվեն և այլ երկրներ։ Քանի որ Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և Հարավարևելյան Ասիայի պետությունները Վրաստանի հետ չունեն ընդհանուր սահման և բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ, ապա տվյալ օրակարգը նրանց համար սկզբունքային չէ, ուստի այդ երկրները կարող են փոխշահավետ հիմքի վրա աջակցել շահագրգիռ կողմին։ Հայաստանը, իր հերթին՝ գտնվում է լրիվ այլ իրավիճակում, և նման քվեարկությունը որոշակի քաղաքական ռիսկեր է պարունակում։

Այդ պարագայում Հայաստանի համար լավագույն ընտրությունը կլիներ քվեարկությունից ձեռնպահ մնալը, ինչպես վարվեցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամ պետությունների շուրջ մեկ երրորդը։ Սխալ կլիներ ենթադրել, որ Երևանը քվեարկել է՝ առաջնորդվելով զուտ իր ազգային շահերով, միջազգային հարթակում հանդես գալով իր հարևանի դեմ՝ վերջինիս համար սկզբունքային հարցում։ Հարաբերությունների նման ձևաչափը Ռուսաստանի և Հայաստանի միջև, որում վերջինս զիջումների է գնում իր համար զգայուն հարցերում, ապակառուցողական ազդեցություն կունենա երրորդ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վրա՝ իր գործընկերներին առնչվող հարցերում Երևանի բացասական դիրքորոշման դեպքում։

Ռուսաստանի հետ փոխգործակցության շրջանակներում Հայաստանն այսօր ունի առնվազն երկու միջազգային հարթակներ, որտեղ տիրապետում է լուրջ ինստիտուցիոնալ ներկայության՝ ՀԱՊԿ և ԵԱՏՄ։ Տիգրան Սարգսյանի և Յուրի Խաչատուրովի նշանակումները, համապատասխանաբար՝ ԵԱՏՄ-ի Կոլեգիայի նախագահի և ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոններում, կարևոր քաղաքական գործիք է ռազմական բլոկի դաշնակիցներին և տնտեսական ինտեգրման գործընկերներին Հայաստանի դիրքորոշումը հասցնելու առումով։

Հենց կարևոր հարցերում սեփական սկզբունքային դիրքորոշումն իր այն դաշնակիցներին և գործընկերներին հասցնելը, ովքեր հաճախ չեն թաքցնում իրենց համակրանքը և ուղղակիորեն աջակցում են Ադրբեջանին, առաջին քայլն է ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամ պետությունների հետ փոխշահավետ հարաբերությունների կառուցման ճանապարհին։ Օրինակ՝ այդ դիրքավորման տեսանկյունից Հայաստանը պետք է հրաժարվեր ԵԱՏՄ-ի գագաթաժողովին մասնակցելուց, որը Երևանից տեղափոխվեց՝ կապված 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղում հակամարտության էսկալացիայի հետ։ Գործընկերների հրաժարումը նախապես ծրագրված գագաթաժողովն անդամ պետության մայրաքաղաքում անցկացնելուց՝ պառակտում է ինտեգրացիոն գործընթացի ոգին։ Սակայն այն, որ Հայաստանը համաձայնեց մասնակցել տեղափոխված գագաթաժողովին, գործընկերների կողմից ընկալվում է՝ որպես անսկզբունքայնության նշան։

Պետական շահերի հիմքով կոշտ դիրքավորումը պետք է պարբերական լինի։ «Կարմիր գծերի» հստակ նշման անհրաժեշտությունը պետք է լինի դաշնակցային և գործընկերային հարաբերությունների պահպանման երաշխիք։ Նման պահանջների բացակայության պարագայում գործընկերների կողմից ընկալումը կլինի դրան համապատասխան։

Գյումրիի ռազմաբազան 

Ռուսական ռազմական բազայի առկայությունը Գյումրիում ռազմավարական կարևոր գործոն է ինչպես՝ Հայաստանի, այնպես էլ՝ Ռուսաստանի համար։ Դինամիկ փոփոխվող Մերձավոր Արևելքում, որտեղ հարաբերություններն ունեն ժամանակավոր և իրավիճակային բնույթ, անհնար է երկարաժամկետ դրույք կատարել դերակատարներից մեկի հետ դաշնակցային հարաբերությունների վրա։ Ներկայումս այդպիսի կետերից են Հմեյմիմ ավիաբազան և նյութատեխնիկական ապահովման կետը Տարտուսում, որը նախատեսվում է արդիականացել և դարձնել լիարժեք ռազմական բազա։ Չնայած դրան, Գյումրիի բազան Ռուսաստանի համար շարունակում է մնալ կարևոր «պատուհան»՝ դեպի Մերձավոր Արևելք։ Հայաստանի և Ռուսաստանի միջև համապատասխան պայմանագրային հիմքի առկայությունը, շարունակական տնտեսական և ռազմական ինտեգրումն անկայուն տարածաշրջանում ռուսական երկարաժամկետ ներկայության երաշխիքն են։

Մերձավոր Արևելքում Մոսկվայի դիրքերի հետագա ամրապնդմամբ՝ նրա ռազմական ներկայությունը տարածաշրջանի երկու առանցքային դերակատարների՝ Թուրքիայի և Իրանի միջև, գնալով ավելի արդիական է դառնում։ Ավելին, ռազմական ներկայությունը քրիստոնեական պետության տարածքում, որն ակտիվ մասնակցություն չունի տարածաշրջանային գործընթացներում, չի ենթարկվում ոչ պաշտոնական ճամբարների միջև բաժանմանը, ինչը չի կարելի ասել Սիրիայի մասին, Ռուսաստանին մեծ առավելություն է տալիս։ Բացի այդ, տվյալ ներկայությունը լեգիտիմ է միջազգային հանրության աչքում, քանի որ ռազմական բազաները Հարավային Օսիայում և Աբխազիայում, լինելով չճանաչված պետական կազմավորումների տարածքում, օրինական չեն միջազգային իրավունքի տեսանկյունից։

Դա խոսում է այն մասին, որ Հայաստանը պետք է իր տարածքում ռուսական ներկայությունը փոխակերպի քաղաքական ակտիվի, որն անհրաժեշտ է օգտագործել ինչպես՝ երկկողմ հարաբերություններում, այնպես էլ՝ արտաքին քաղաքականությունում ընդհանրապես։ Այսօր ռուս-հայկական հարաբերությունները տվյալ համատեքստում իրենցից ներկայացնում են միակողմանի ճանապարհ՝ ռուսական երթևեկությամբ։ Հավասարակշռության ստեղծման համար անհրաժեշտ է, որ ռազմաբազան դառնա Ռուսաստանի վրա ազդելու գործոն Հայաստանի ձեռքում։ Դրան կարելի է հասնել ռազմական համագործակցության դիվերսիֆիկացման ճանապարհով, ինչը թույլ կտա հավասարակշռել Մոսկվայի ռազմաքաղաքական ազդեցությունը՝ այդպիսով ստեղծելով դաշտ արտաքին քաղաքական մանևրի համար։ Ակնհայտ է, որ դա կարժանանա դիմադրության Մոսկվայի կողմից, և տվյալ պահին անհրաժեշտ է ձևավորել պետական քաղաքական պահանջներ՝ դիվիդենտներ ստանալու նպատակով։

Այսպիսով, Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի քաղաքականությունը պետք է հիմնվի բացառապես ազգային շահերի վրա։ Զրոյական գումարով երկկողմ հարաբերությունների ձևաչափն ապակառուցողական է և քաղաքական ռիսկեր է պարունակում։ Հայաստանն այսօր ունի բոլոր անհրաժեշտ մեխանիզմները Ռուսաստանի հետ հավասարակշռված հարաբերություններ ձևավորելու և պահպանելու համար։ Պատշաճ քաղաքական կամքի առկայության և մեխանիզմների ամբողջ համալիրի արդյունավետ օգտագործման պարագայում, Հայաստանը կկարողանա հասնել իրական, և ոչ թե՝ հռչակված ռազմավարական գործընկերության։

Վան Հարությունյան
Վերլուծաբան, «The Armenian Interest» գիտավերլուծական կենտրոնի ղեկավարի տեղակալ

Սերգեյ Մելքոնյան
«The Armenian Interest» գիտավերլուծական կենտրոնի գլխավոր խմբագիր, «International Studies» վերլուծական պորտալի ղեկավար

 

 

Տեսանյութեր

Լրահոս