Թուրքիայում նոր ձերբակալություններ են իրականացվում պետական հեռուստաընկերության աշխատակիցների շրջանում
Անկարայի հանրապետական դատախազության կողմից գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում թուրքական պետական TRT հեռուստաընկերության 34 աշխատակցի ձերբակալելու հրաման է ստացվել: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Իրավապահներն արդեն սկսել են կասկածյալների ձերբակալման գործողությունները: Նշվում է, որ նրանք բոլորը ByLock հավելվածի օգտատերեր են:
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու՝ Բիլալ Էրդողանի ընկերը՝ Իբրահիմ Էրենը նշանակվել է երկրի պետական TRT հեռուստաալիքի տնօրենի պաշտոնում: TRT-ի նախկին տնօրեն Շենոլ Գյոքան հեռացել էր զբաղեցրած պաշտոնից՝ ասելով, որ իշխանությունների կողմից ճնշումների է ենթարկվում: Իբրահիմ Էրենը Բիլալ Էրդողանի հետ սովորել է իմամ-հաթիփ կրոնական դպրոցում:
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը վերծանել էր ByLock հավելվածը, որի օգնությամբ ենթադրվում է, որ գյուլենական շարժման անդամները շփվել են միմյանց հետ: Ըստ թուրքական հետախուզական ծառայության տվյալների` ծրագրի միջոցով հաստատվել է Գյուլենի ավելի քան 53 հազար կողմնակցի ինքնություն: