Բաժիններ՝

«Խելացի լույս» և «Խոսող գազ», հոսանք ՝ մարդու էներգիայից. «ԴիջիՔեմփ 2017»-ի հաղթող գաղափարները

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս օրերին Հանքավանում ընթանում էին  Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից իրականացվող ամենամյա «ԴիջիՔեմփ» նորարարական և «ԱրՄաթ» ամառային տեխնոլոգիական ճամբարները:

5-րդ ամենամյա «ԴիջիՔեմփ» նորարարական ճամբարին մասնակցում էին 14-17 տարեկան ինովացիոն գաղափարներ ունեցող շուրջ 50 պատանիներ: «ԴիջիՔեմփի» նպատակն է՝ աջակցել և ուղղորդել ինովացիոն գաղափարներ ունեցող պատանիներին, որպեսզի զարգացնեն իրենց տեխնոլոգիական գաղափարները և դրանք դարձնեն բիզնես ծրագրեր: Ինովացիոն ճամբարի շրջանակում դպրոցականները լսել են  առաջատար ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների դասախոսությունները, ապա, թիմային աշխատանքների միջոցով՝ զարգացրել իրենց գաղափարները:

Հայտնի են դարձել «ԴիջիՔեմ 2017»-ի հաղթողները:

«ԴիջիՔեմփ 2017»-ի առաջին հորիզոնականն է զբաղեցրել 14-ամյա Արամ Պողոսյանի «Խելացի լույս» և «Խոսող գազ» գաղափարների շուրջ ձևավորված թիմը: «Խելացի լույս» համակարգը հեռախոսի ծրագրային ապահովման միջոցով անջատում կամ միացնում է էլեկտրականությունը: Իսկ «Խոսող գազ» գաղափարի նպատակն է՝ կանխել գազի արտահոսքը: Սարքը գազի արտահոսքի դեպքում ձայնային ազդանշան է արձակում: Եթե սարքից օգտվողը գազի արտահոսքի դեպքում 5 վայրկյանում չի անջատում գազի մուտքը, ապա բնակչին ուղարկվում է արտահոսքի մասին հաղորդագրություն:

Կարդացեք նաև

2-րդ հորիզոնականում Թաթուլ Խաչատրյանի «Body Power» գաղափարի շուրջ ձևավորված թիմն է: Գաղափարի նպատակն է՝ ստեղծել հոսանք մարդու ներքին էներգիայի ջերմության շնորհիվ: Սարքը գոտու տեսք է ունենալու և նախատեսված է լեռնագնացների, արշավորդների և ճանապարհորդների համար:

3-րդ հորիզոնականում Խաչիկ Մովսիսյանի թիմն է՝ «Ֆիզիկայի աշխարհում» գաղափարով: Այն իրենից ներկայացնում է ֆիզիկայի օնլայն լաբորատորիա, որը 2D որակով ցուցադրում է ֆիզիկայի տարբեր օրենքներ և բանաձևեր: Լաբորատորիան նախատեսված է ուսուցիչների, աշակերտների և ուսանողների համար:

«ԴիջիՔեմփի» ավարտին մասնակիցները ցուցադրել են իրենց գաղափարները ժյուրիի անդամներին, որից հետո ընտրվել է լավագույն եռյակը: Հաղթող գաղափարների հեղինակներն արժանացել են համապատասխանաբար՝ 200, 150, 100 հազարական դրամ պարգևի: Ժյուրիի կազմում ընդգրկված են եղել ԻՏՁՄ, «Ինստիգեյթ», «Վորլդ Վիժն Հայաստան», «Kargin Optics», «SEF International» ընկերությունների ներկայացուցիչները:

«ԴիջիՔեմփ» ինովացիոն ճամբարի մասնակիցներն ունկնդրել են ԻՏՁՄ, «PicsArt», «Ucom», «Arloopa», «AEGEE-Yerevan», «Global am», «Լայմ Տեխ», «Սիներջի Ինթրնեշնըլ», «Ինստիգեյթ» ընկերությունների ներկայացուցիչների հաջողության պատմությունները և մասնագիտական դասախոսություններն ու խորհուրդները, ինչպես նաև՝ մասնակցել «Ողջ մնալու արվեստի» դասընթացին, այցելել ճանաչողական արշավների:

«ԴիջիՔեմփ 2017»-ի գործընկերներն են՝ «Ինստիգեյթ», «ՎՕԼՕ», «One Armenia», «Ucom», «COAF», «Վորլդ Վիժն Հայաստան», «Սահման», «Լիդիան Արմենիա», «Հախվերդյան շինմոնտաժ» ընկերությունները, Հայ միության խաչ, «Անուշավան Աբրահամյան» բարեգործական, Հայ կրթության, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամները:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս