Բաժիններ՝

«ՀՀ նախագահի ելույթում հստակ անհանդուրժողականության մոտեցում կար». Սուրեն Քրմոյան

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գնահատմամբ՝ մայիսի 18-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ՀՀ նախագահի ելույթում հստակ անհանդուրժողականության մոտեցում կար կոռուպցիոն երևույթների նկատմամբ և, ըստ նրա՝ սա քաղաքական կամքի դրսևորման կարևոր երևույթ է. «Ըստ այդմ՝ նախագահի ելույթից բխող՝ կառավարության ծրագրում համապատասխան միջոցառումներ են  նախանշվել  թե՛ կանխարգելիչ, թե՛ քրեական պատասխանատվության  անխուսափելիության հետ կապված»։

Ըստ նրա՝ խոսքն աղմկահարույց կամ ոչ աղմկահարույց դեպքերի մասին չէ, այլ այն մասին, որ կոռուպցիոն հանցագործության մեջ մեղադրվող անձն անխուսափելիորեն  ենթարկվի քրեական պատասխանատվության։ «Ցավոք սրտի, մենք ունենք դեպքեր, որ գործեր են հարուցվել և՛ դատավորների, և՛ դատախազների, և՛ տարբեր աստիճանի պետական ծառայողների նկատմամբ»,- նկատեց պարոն Քրմոյանը։

Նրա խոսքով՝ կոռուպցիան այն բացասական երևույթն է, որը վնասում է և՛ մարդու իրավունքներին, և՛ տնտեսության  զարգացմանը, քայքայում է ժողովրդավարության արդյունքները։ Ըստ նրա՝ կոռուպցիայի հաղթահարման նպատակով անհրաժեշտ է իրականացնել կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորման քաղաքականության։

«Յուրաքանչյուր քաղաքացի պետք է անհանադուրժող լինի, և կառավարությունն այդ ուղղությամբ պետք է քայլեր իրականացնի։ Կոշտ հակակոռուպցիոն քաղաքականություն է իրականացվելու կանխարգելիչ միջոցների կիրառման նպատակով, կոշտ քաղաքականություն է  իրականացվելու քրեական ոլորտում պատասխանատվության անխուսափելիության մասով կոռուպցիոն հանցագործությունների դեպքում։ Ստեղծելու ենք հակակոռուպցիոն մարմին, որի վերաբերյալ օրենքն արդեն ուժի մեջ է, տալու ենք համապատասխան գործիքակազմ, ազդարարների  պաշտպանության գործուն համակարգ է ստեղծվելու, այդ թվում՝ էլեկետրոնային եղանակով»,- նկատեց պարոն Քրմոյանը։

Կարդացեք նաև

Վերջինս ընդգծեց, որ իրենք հետևություն են արել նախագահի ելույթից, որ պետք է անխուսափելիորեն պատասխանատվություն գործի կոռուպցիոն բոլոր դեպքերի համար։

Ռոզա Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս