Դավիթ Խաժակյանը դիմել է Տարոն Մարգարյանին՝ չեղարկելու կարմիր գծերի ավտոկայանատեղիների SMS հաղորդագրության միջոցով վճարի թանկացումը
Երևանի ավագանու «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ չեղարկելու կարմիր գծերի ավտոկայանատեղիների SMS հաղորդագրության միջոցով վճարի թանկացումը։ Դիմումի մեջ մանրամասն ներկայացված է, թե ինչու է թանկացումն անհիմն։ Դիմումում մասնավորապես ասված է.
«Հունիսի 7-ին քաղաքացիները «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի կողմից ծանուցվեցին այն մասին, որ 01.08.2017թ.-ից SMS ծառայության միջոցով ավտոկայանատեղի վճարը նախկին 100 դրամի փոխարեն կկազմի 149 դրամ, որից 100 դրամը ավտոկայանատեղի վճարն է, 24.8 դրամը օպերատորի միջնորդավճարը և 24.2 դրամ ԱԱՀ։
Այս հայտարարությունը առաջացրեց բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունը, ինչը մեր համոզմամբ արդարացի է և հիմնավոր։ Ակնհայտ է, որ ՓԲԸ-ի գործունեության բնույթը և ձևը համայնքային սեփականություն դառնալուց ի վեր փոփոխություն չի կրել և եթե SMS ծառայության միջոցով վճարումները շարունակում է սպասարկել նույն օպերատորը, ապա միջնորդավճարի բեռը քաղաքացիների վրա դնելը չի կարող հիմնավորված լինել։
Նույն ծանուցման մեջ «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն նշում է, որ կայանատեղի վճար առանց միջնորդավճարի կատարելու համար քաղաքացիները պետք է օգտվեն ավտոկայանատեղիներին կից վճարահաշվարկային տերմինալներից։ Համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման 7-րդ մասի առաջին ենթակետի բոլոր ավտոկայանատեղերը պետք է կահավորված լինեն տուրքի գանձնման միջոցներով (տվյալ դեպքում վճարահաշվարկային տերմինալներով):
Վստահեցնում եմ, որ շրջայցի դեպքում կվերհանվեն բազմաթիվ ավտոկայանատեղիներ, որտեղ առկա չէ վճարահաշվարկային տերմինալ, ուստի մեկ ժամվա համար ամենահասանելի վճարման միջոցը մնում է SMS հաղորդագրությունը: Սա նշանակում է, որ կարճատև ժամանակահատվածի համար ամենատարածված և հասանելի միջոցը առհասարակ հենց SMS ծառայությունն է, որի թանկացումը ուղղակիորեն բացասաբար է ազդելու վարորդների վրա և էլ ավելի է խորացնելու «կարմիր գծերի» նկատմամբ հարատև դժգոհությունը:
Ինչ վերաբերում է ավելացված արժեքի հարկով հարկմանը, ապա այն հակասում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 4-ի ՀՕ-118 օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասին, համաձայն որի պետական տուրքի գումարը ԱԱՀ-ով հարկման ենթակա չէ։ Միևնույն ժամանակ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է պետական տուրքի հասկացությունը.
«Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:»
Ավտոկայանատեղի վճարը սահմանվում է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-221-Ն օրենքով, ինչը վերոնշյալ օրենսդրական կարգավորումներով ենթակա չէ ԱԱՀ-ով հարկման։
Հիմք ընդունելով վերոգրյալը, Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունը դիմում է Ձեզ՝ չեղարկելու սույն թանկացումը վարորդների համար, առաջարկելով հետևյալը.
- Ինչպես նախկինում օպերատորի միջնորդավճարը ներառել «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի գործունեության ծախսային հոդվածներում դիտարկելով սույն միջնորդավճարը որպես միջոց՝ տուրքի գանձման համար, ինչպես օրինակ վճարահաշվարկային տերմինալները կամ շրջիկ մեքենաները,
- Պարզել, թե նախքան «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի համայնքային սեփականության դառնալը, վճարվել է արդյոք ԱԱՀ ավտոկայանատեղի վճարի համար և միջոցներ ձեռք առնել համայնքային նշանակության տուրքը հիշյալ օրենքով ԱԱՀ-ից ազատելու համար»: