Բաժիններ՝

Ամուսնալուծված կանանցից՝ 10 խորհուրդ ամուսնացածներին

1. Հարգեք Ձեր ամուսնուն

Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ ես չեմ ասում` հարգեք Ձեր ամուսնուն, երբ նա դրան արժանի է: Տղամարդն աշխարհում ամենաշատը հարգանքի կարիք ունի, և սեփական կնոջ կողմից հարգված լինելը նրա համար ամենացանկալի բանն է: Մի ընկեք ծուղակը: Հարգեք Ձեր ամուսնուն ամեն պարագայում, որովհետև որքան էլ մենք ցանկանանք, որ մեր ամուսիններն իրենց արարքներով հարգանքի արժանանան, այնուամենայնիվ պետք է ընդունել, որ մեր ամուսինները սովորական մարդիկ են և կարող են սխալվել: Սակայն նա այն մարդն է, ում Դուք ընտրել եք, որպեսզի միասին քայլեք կյանքի ճանապարհով, և միայն դրա համար արժե նրան հարգել:

Հետևեք այս խորհրդին և կտեսնեք, որ այդ հարգանքը նրան կմղի այդ հարգանքը վաստակել ամեն օր:

Սա չի նշանակում, որ Դուք պիտի ձևացնեք, թե նա ճիշտ որոշում է կայացրել, երբ դա այդպես չէ: Դրանք կարելի է և պետք է քննարկել, բայց դա պիտի անեք հարգանքով: Դա Ձեր ամուսնու համար ամեն ինչ կփոխի:

Կարդացեք նաև

2. Փայփայեք Ձեր սիրտը

Երբեք չհավատաք, որ, եթե Ձեր ամուսինն ավելի բարետես է, քան, ասենք, հարևանինը, ավելի շատ է վաստակում, ավելի թանկ մեքենա է վարում կամ շքեղ տուն ունի, Ձեզ ավելի երջանիկ կին կդարձնի: Մեզ շրջապատող աշխարհը խայտաբղետ է, և շրջապատողներն առիթը բաց չեն թողնի մեզ հիշեցնել, որ մենք ամենակատարյալի տերը չենք, սակայն դա, իհարկե, ճիշտ չէ: Ապրեք Ձեզ տրված կյանքով և շնորհակալ եղեք դրա համար:

Բոլորն են դժվարություններ ունենում, և պարզ է, որ Դուք էլ եք ցանկանում ավելի ընդարձակ բնակարան ունենալ, սակայն հավատացեք, լրացուցիչ քառակուսի մետրերը հոգեկան բավարարություն չեն բերում: Փայփայեք Ձեր սիրտը, հեռու պահեք բոլոր նրանցից, ովքեր Ձեզ կփորձեն համոզել, որ Դուք կամ Ձեր ամուսինը բավականաչափ լավը չեք: Միշտ էլ լավից լավը կա, և, եթե անգամ Դուք ունենաք ամեն ինչի լավագույնը, գոհ չեք լինելու, քանի դեռ չեք գոհանում նրանով, ինչ ունեք այժմ:

3. Գտեք ճիշտ հերթականությունը` Աստված, ամուսին, երեխաներ…

Կարող եք մտածել, որ սա այնքան էլ տարածված փիլիսոփայություն չէ հատկապես մայրերի մոտ, սակայն հավատն աննկարագրելի կարևոր է, ինչ էլ որ լինի: Բայց, անկախ Ձեր դավանանքից, ամուսինը պետք է լինի հաջորդ կարևոր բանը Ձեր կյանքում: Խոսքը, իհարկե, ադեկվատ մարդու մասին է, քանի որ, միևնույն է, սթափ դատող ոչ մի նորմալ տղամարդ Ձեզ չի խնդրի երեխաներին անտեսել, ինչ է թե՝ հոգաք նրա կարիքները:

Տեսեք: Երբ մենք ինքնաթիռ ենք նստում, բորտ-ուղեկցորդուհիները մեզ թռիչքից առաջ անվտանգության կանոնները բացատրելիս՝ շեշտում են, որ նախ՝ մենք դնենք թթվածնային դիմակը, ապա այն հագցնենք երեխային: Դա չի նշանակում, որ նրանք մտածում են, որ մենք երեխաներից ավելի կարևոր ենք: Իհա՛րկե ոչ: Բայց Դուք չեք կարող օգնել Ձեր երեխային, եթե ինքներդ չշնչեք: Այս կանոնը նաև ընտանիքում պիտի գործի: Դուք Չեք կարող նորմալ դաստիարակել Ձեր երեխային, եթե Ձեր ամուսնությունը չեղարկվում է:

4. Սովորեք ներել

Ոչ ոք կատարյալ չէ. բոլորս ենք սխալվում: Եթե ներելը սովորություն դառնա Ձեզ մոտ, Ձեր չարությունն աճ չի գրանցի: Պետք է ներել կարողանալ ամեն ինչ. մեծ սխալներից՝ մինչև ամենօրյա մանրուքները:

5. Շատ խոսեք միմյանց հետ

Վատ սովորություն է՝ չխոսել այն մասին, ինչ զգում ես: Պետք չէ խաղալ այն ստանդարտ դերը, թե դու ինքդ պիտի իմանաս` ինչո՞ւ եմ ես ջղային: Դա անազնիվ քայլ է: Տղամարդիկ այնքան զգայուն չեն, որքան կանայք, և նրանք միշտ չէ, որ զգում են, որ անտարբեր են պահում իրենց: Միշտ պետք է հիշել, որ միմյանց հետ խոսելն անհրաժեշտություն է:

6. Պարբերաբար ժամադրվեք իրար հետ

Երբեք մի դադարեք ժամադրվել Ձեր ամուսնու հետ: Անգամ, եթե չեք կարող Ձեզ թույլ տալ ռեստորանում ընթրել կամ կինո գնալ, դուք պետք է կանոնավոր կերպով միայնակ, երկուսով ժամանակ անցկացնեք միմյանց հետ: Մի խոսեք այդ ժամանակ ընտանեկան բյուջեից, գրաֆիկից և երեխաներից: Վայելեք միմյանց ներկայությունը, խոսեք հանգստանալու մեկնելու մասին կամ ապագայից:

7. Երբեք մի արտաբերեք «Բաժանվում եմ» արտահայտությունը

Իսկ եթե, այնուամենայնիվ, պատրաստվում եք արտաբերել այն, ապա արեք դա լրջորեն ու հաստատակամ: Կարճ ասած` բաժանությամբ սպառնալն առնվազն անազնիվ է, իսկ Ձեզ հաստատ չի օգնի ավելի լավ զգալ:

8. Սովորեք նրա սիրո լեզուն

Մեզնից յուրաքանչյուրն իր սիրո լեզուն ունի, և այն, թե ինչպես եք Դուք այն ընկալում, հաճախ տարբերվում է Ձեր ամուսնու արտահայտման ձևից: Նրան պետք է, որ Դուք աջակցեք և ոգևորեք իրեն: Կարճ ասած` ինչպիսին էլ որ լինի նրա սիրո լեզուն, սովորեք և օգտագործեք այն:

9. Երբեք նրա մասին վատ մի խոսեք

Անգամ, եթե Ձեր ամուսնությունն այժմ դժվարությունների միջով է անցնում, և Դուք խորհրդի կարիք ունեք, ավելի լավ է՝ դիմեք հոգեբանի: Ընտանեկան հոգեբանը խնդիրը լուծելու լավ տարբերակ է: Եվ հիշեք, որ Ձեր ընկերներն ու ընտանիքի անդամներն օբյեկտիվ չեն կարող լինել և ոչ միշտ կկարողանան Ձեզ իմաստուն խորհուրդ տալ: Նրանք միայն կոնֆլիկտի մի կողմի մասին գիտեն և հաճախ վատ են տրամադրվում ընտանիքի մյուս անդամի նկատմամբ: Պաշտպանեք Ձեր ամուսնուն Ձեր իսկ մտերիմներից և դիմեք չեզոք դիրք ընտրողներին: Եվ հիշեք, կանայք, որ Ձեր մայրն օբյեկտիվ չի կարող լինել:

10. Ընտրեք սիրելը

Ամուսնության մեջ լինում է այնպես, որ մի օր արթնանում եք ու զգում, որ այլևս սիրահարված չեք: Ամեն դեպքում, ընտրեք սիրելը: Հիշեք, որ միմյանց հետ պետք է լինեք առողջ և հիվանդ ժամանակ, ուրախության և տխրության օրերին: Դժվար ժամանակներ բոլորի մոտ են լինում, իսկ խնդիրներն անխուսափելի են: Այդ իսկ պատճառով էլ ընտրեք սիրելը. նա դրան արժանի է:

Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս