Պետբյուջե մուտքագրվել են զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման 2,3 մլրդ դրամ վճարներ
ՀՀ պետական բյուջե 2017 թվականին հունվար-մայիսի ընթացքում մուտքագրվել են 10.6 մլրդ դրամ այլ հարկեր` կազմելով պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 2.3%-ը:
ՀՀ ֆինանսների նախարարության հունվար-մայիսի ՀՀ պետական բյուջեի հաշվետվության համաձայն՝ մասնավորապես` 2.8 մլրդ դրամ են կազմել ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարները, 2.5 մլրդ դրամ` արտոնագրային վճարները, 2.3 մլրդ դրամ՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված դրոշմանիշային վճարները, շուրջ 1.5 մլրդ դրամ` ճանապարհային վճարները, 655.5 մլն դրամ` հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցները, 394.3 մլն դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 250 մլն դրամ` հարկային օրենսդրության խախտման համար «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված տուգանքները:
Նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ այլ հարկերի փաստացի ցուցանիշն աճել է 17.4%-ով կամ 1.6 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով 2017 թվականի հունվարի 1-ից դրոշմանիշային վճարների սահմանմամբ: