Բաժիններ՝

Հայաստանում կանցկացվի ցուցահանդես-վաճառք՝ «Ոսկեգործության օրեր. Հայաստան 2017» խորագրով

2017 թվականի հուլիսի 7-9-ը Հայաստանում հայտարարվել են «Ոսկեգործության օրեր»: Այս օրերին «Ոսկու Աշխարհ» առևտրաարտադրական համալիրի տարածքում կազմկերպվել է հայ ոսկերգործների առաջին ցուցահանդես-վաճառքը՝ «Ոսկեգործության օրեր. Հայաստան 2017» խորագրով: Ցուցահանդես-վաճառքի պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 7-ին, որին ներկա էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը:

Վերջինիս խոսքով՝ սա շատ լավ հարթակ է մեր արտադրանքը ևս մեկ անգամ փորձելու աշխարհին ներկայացնելու համար:  «Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ողջունում է այս քայլը, քանի որ սա հերթական առիթն է մեր արտադրանքն աշխարհին ցուցադրելու համար: Աշխարհի տարբեր մասերից ավելի քան 70 գնորդներ են եկել, ովքեր մեր արտադրանքի պոտենցիալ սպառողներն են»,- ասաց Գագիկ Մկրտչյանը:

Մոտ 750 հայկական ոսկերչական ընկերություն ներկայացված է ցուցահանդես-վաճառքին: Հուլիսի 7-ին ՀՀ ՏԶ նախարարությունում կայացավ նաև աշխատանքային հանդիպում՝ միջոցառմանը հրավիրված արտասահմանյան գնորդ ընկերությունների, ոսկերչական միությունների և առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հայաստանում գործող ոլորտի առանձնահատկությունները, արտահանումը խթանող գործիքակազմը, երկրում այդ ոլորտում իրականացվող քաղաքականությունը:

Խոսելով հանդիպման մասին՝ Գագիկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ Ուզբեկստանի Արդյունաբերական պալատի համապատասխան ոլորտը կարգավորող ներկայացուցիչը պարզապես «խնդրել» է, որ Տաշքենդում լինի ցուցահանես, քանի որ իրենց ժողովուրդը շատ է սիրում մեր արտադրանքը: Նա նաև նշեց, որ իտալացիները պատրաստ են հայկական ընկերությունների ապրանքները ներկայացնել համաշխարհային շուկայում:

Իսկ Արաբական Մմացյալ Էմիրություններն առաջարկ է արել՝ Հայաստանում ներդրումներ կատարել ոսկերչական սարքավորումների արտադրության բնագավառում:  Ցուցահանդեսի ողջ ընթացքում հայկական ընկերությունների հետ աշխատելու են 65 արտասահմանյան գնորդներ՝ 11 երկրից՝ Ռուսաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Իտալիայից, Լատվիայից, Էստոնիայից, Ուկրաինայից, Վրաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից: «Ոսկեգործության օրեր» ոլորտային ցուցահանդես-վաճառքը կազմակերպվելու է տարեկան երկու անգամ՝ հոկտեմբեր և ապրիլ ամիսներին: Հաջորդ ցուցահանդեսը կայանալու է հոկտեմբերի 5-7-ը:

Անի Թորոսյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս