Բաժիններ՝

Երևանում բացվել են արևային էներգիայով սնուցվող հանրային տրանսպորտի առաջին կանգառները

«Եվրոպական միության էներգաարդյունավետության օրեր Հայաստանում» խորագրով նախաձեռնության շրջանակում Հայաստանի երկու կանգառներում տեղադրվել են արևային վահանակներ։ Այդ երկու կանգառները գտնվում են Մոսկովյան և Բաղրամյան փողոցներում։ Դրանք թույլ կտան մայրաքաղաքի բնակիչներին և այցելուներին անվճար լիցքավորել բջջային հեռախոսները և թվային այլ սարքավոումներ արևային էներգիայով։ Յուրաքանչյուր կանգառ կարող է լիցքավորել օրական 24 հեռախոս, իսկ մեկ հեռախոս լիցքավորելու համար անհրաժեշտ է հինգ Վատտ հզորություն։
Այսօր ՝ հուլիսի 7-ին,  Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին փորձարկեց արևային էներգիայով սնուցվող հանրային տրանսպորտի առաջին կանգառը։

«Եվրամիությունը Հայաստանում իրականացնում է էներգետիկ օրեր Երևանում, և այդ միջոցառումների շրջանակում մենք ունեցանք կլոր սեղան քննարկումներ, հանդիպումներ, սեմինարներ։ Այս միջոցառումների և ԵՄ պատվիրակության գլխավոր նպատակն է՝ օժանդակել հայերին՝ ձեռք բերելու ավելի մաքուր և խնայող էներգասնուցման համակարգ։ Մենք սրանով փորձում ենք խթանել Հայաստանի էներգետիկ անկախությունը»,- իր խոսքում ասաց պարոն Սվիտալսկին։

Դեսպանը առաջարկեց այդ կանգառը խորհրդանշական կերպով կոչել «Եվրամիության կանգառ». «Այս կանգառի տանիքին տեղադրված են արեգակնային վահանակներ, և հայերը կարող են իրենց հեռախոսները, պլանշետները լիցքավորել արեգակնային էներգիայով։ Այս  արեգակնային վահանակներն այստեղ կմնան մեկ տարի։ Դրանից հետո մենք վահանակները կփոխանցենք այլ հաստատությունների՝ դպրոցների կամ մանկապարտեզների, որոնք կօգտվեն սրա հնարավորություններից»։

Պարոն Սվիտալսկու համոզմամբ՝ հարցի պատասխանը, թե ինչո՞ւ է ԵՄ-ն խթանում արեգակնային էներգիայի զարգացմանը՝ շատ ակնհայտ է. «Հայաստանը հարուստ է արևով, և տարվա կտրվածքով Հաայստանում շատ են արեգակնային օրերը։ Կարծում եմ, որ Հայաստանը պետք է օգտվի իր բնական հարստությունից։ Դա  է պատճառը, որ ԵՄ-ն փորձում է խթանել արեգակնային էներգիայի, ինչպես նաև վերականգնողական էներգիայի աղբյուրների այլ նախաձեռնությունները Հայաստանում»։

Կարդացեք նաև

Դեսպանը հույս հայտնեց, որ հայերը նույնպես այս նախաձեռնությանը շատ արագ կհետևեն, քանի որ հայ ազգը շատ բաց է նորամուծությունների համար։

Լրագրողներից մեկի հարցին, թե Հայաստանն էներգետիկ կախվածություն ունի միայն Ռուսաստանից, Արևմուտքը փորձո՞ւմ է այլընտրանքային միջոցներով անկախացնել Հայաստանը ռուսական ազդեցությունից, և արդյո՞ք քաղաքական տարր կա սրա մեջ, Պյոտր Սվիտալսկին պատասխանեց.

«Մենք չենք մտածում քաղաքական կամ աշխարհաքաղաքական գործունեությունների մասին, մենք մտածում ենք սովորական հայաստանցիների մասին, ինչպես նաև մտածում ենք նրանց համար ստեղծել մատչելի, էժան էներգիայի աղբյուրներ։ Մենք գտնում  ենք, որ ավելի մատչելի և մաքուր էներգետիկան բարելավում է սովորական հայաստանցիների կյանքը։ ԵՄ-ի ռազմավարությունն է՝ օժանդակել, որպեսզի սովորական հայաստանցիներն ավելի լավ կյանքով ապրեն Եվրոպայի հետ բարեկամական միջավայրում»։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հաղորդակցության համակարգող Հռիփսիմե Հունանյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց. «Մեկ կանգառը մեկ տարի ժամկետով վարձակալությամբ, ներառյալ՝ բոլոր ծախսերը՝ վերանորոգման ծախսեր, տեխնիկական համալրումներ, մարտկոցների տեղադրում արժե 6000 եվրո, իսկ կանգառների տեղերն ընտրված են՝ ըստ տեխնիկական չափանիշերի՝ անվտանգություն, ինչպես նաև՝ մոտ երիատասարդությանը։ Պանելները եվրոպական արտադրողի են պատկանում։ Սա պիլոտային ծրագիր է, օրինակ՝ խրախուսելու քաղաքին՝ ունենալ քաղաքացիների համար նման կանգառներ»։

Տեղում փորձարկող քաղաքացիներից մեկից փորձեցինք պարզել, թե ինչքանո՞վ է սա արդյունավետ. «Ծրագիրը շատ լավն է, որովհետև Հայաստանը, լինելով արևային երկիր, շատ ճիշտ է, որ օգտագործի իր ռեսուրսները։ Այս ծրագիրը շատ օգտակար է հասարակ քաղաքացիներ, հատկապես՝ մեզ՝ երիտասարդներիս համար։ Շատ ավելի հաճելի կլինի, որ գրեթե բոլոր կանգառներում լինեն լիցքավորման կայաններ, որ չվազենք կոնկրետ դեպի մեկ կանգառ, որովհետև օրվա ընթացքում իրոք լիցքավորման կարիք շատ է լինում»։

Ռոզա Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս