Բաժիններ՝

«Մենք միշտ էլ պատրաստ ենք ցանկացած ելքի». Վարդան Արամյան

Այսօր ԱԺ-ում ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնող ֆինանսների նախարար Վարդան Արամյանն անդրադարձավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի այն հարցադրմանը, թե ինչո՞ւ բյուջեի կատարողականում անդրադարձ չկա ապրիլյան քառօրյա պատերազմին ու տնտեսության վրա ունեցած դրա ազդեցությանը, և ընդհանրապես, պատերազմի ազդեցությունն ինչպիսի՞ն պետք է լինի տնտեսության վրա։

«Իրականում, կարճաժամկետ ժամանակահատվածում տնտեսական էֆեկտի տեսանկյունից գնահատականներ կան, որ դրական է ազդում պատերազմը հիմնականում ֆինանսավորվող տնտեսությունների վրա։ Իսկ այն երկրները, որոնք ընդունող երկիր են՝ բացասական է ազդում, որովհետև այդ պատերազմական գործողություններն ազդում են ազգային հարստության, ենթակառաուցվածքների և այլնի վրա։ Այդ տեսանկյունից դժվար է դատողություն անել քառօրյա պատերազմի տնտեսական հետևանքների մասին»,- ասաց նախարարը։

Ինչ վերաբերում է բյուջեի կատարողականի վրա ապրիլյան քառօրյայի ունեցած ազդեցությանը, նախարարը նկատեց. «Մենք 2016թ. ամբողջությամբ կատարել ենք բյուջեի ծրագիրը, մի փոքր էլ գերակատարել ենք, և պաշտպանության ոլորտին ուղղել ենք 226 մլրդ դրամի ֆինանսավորում։ Եթե հարցը հռետորական ենք հնչեցնում՝ ի՞նչ կլինի, եթե այդ իրավիճակը կրկնվի, պատրա՞ստ է ՀՀ-ն, ես կարծում եմ՝ նույն հռետորական հարցին հռետորական պատասխան կարող ենք տալ՝ այո, մենք միշտ էլ պատրաստ ենք ցանկացած ելքի, և պետք է պատրաստ լինենք, նաև՝ մեր ֆինանսական կարգապահությամբ և անհրաժեշտ ֆինանսների հատկացման տեսանկյունից»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս