«Ինչո՞ւ ապրիլյան պատերազմի մասին որևէ խոսք չկա». Նիկոլ Փաշինյանը՝ Վարդան Արամյանին
Այսօր ԱԺ-ում, դիմելով ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնող ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հաշվետվության մեջ ապրիլյան պատերազմին ոչ մի անդրադարձ չկա։
«2016թ. մեր մակրոտնտեսական և ընդհանրապես՝ տնտեսական միջավայրի վրա պատերազմն ի՞նչ ազդեցություն է թողել։ Չեք կարծում, որ սա պետք է լիներ մեր վերլուծության թիվ 1 խնդիրը՝ նաև ռազմավարական առումով։ Մեր տնտեսությունն ինչքանո՞վ է պատրաստ իր վրա կրել պոտենցիալ և անխուսափելի պատերազմի բեռը։ Եվ այս առումով՝ ընդհանրապես, պատերազմի ազդեցությունն ինչպիսի՞ն պետք է լինի տնտեսության վրա։ Մասնավորապես՝ այդքան ասվում էր, որ ապրիլյան պատերազմից հետո միլիարդների ծախսեր են արվել, և այլն, բա ՀՆԱ-ի մեջ դա չի՞ երևացել։ Դրամական փոխանցումները նվազել են, ինչը նշանակում է, որ պատերազմի տարում մենք՝ որպես պետություն, ունենք վստահության լրջագույն ճգնաժամ»,- նկատեց Փաշինյանը։
Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ դժվար է նման գնահատական տալ, որովհետև ըստ նրա՝ եթե չլինեն Ռուսաստանի տնտեսությունում եղած զարգացումները, փոխանցումները չէին նվազի.
«Դա արդարացված է տնտեսական վերլուծություններով։ Երկիր փոխանցողների վարքագծի վրա որքանով է ազդում ապրիլյան պատերազմը, դժվար է գնահատել։ Ես էլ հակառակը կարող եմ ասել՝ ապրիլյան պատերազմն էր հենց հիմնական խնդիրը, որ մենք ունեցանք 11%, այլ ոչ թե 15 կամ 20% անկում։ Իսկ բյուջեի հաշվետվությունը փաստացի կատարողականի մասին է՝ ինչ էինք ծրագրել և ինչ է եղել։ Ձեր ասածը միգուցե կարելի է անել, բայց, իմ կարծիքով՝ դա բյուջեի հաշվետվությունից դուրս է»։
Փաշինյանն էլ նկատեց, որ եթե գրել են՝ տարածաշրջանային զարգացումները ազդեցություն են թողել, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հարաբերություններն ազդեցություն են թողել, ապա պարզ չէ՝ ապրիլյան պատերազմը մեր տնտեսության վրա ի՞նչ ազդեցություն է թողել.
«Կառավարությունն այդ վերլուծությունը չի արել։ Սա վատ է նրանով, որ մենք չգիտենք՝ ՀՀ-ն այս հաշվետվության համար հաջորդ անխուսափելի պատերազմի ժամանակ ինչ ծանրաբեռնվածություններ է կրելու և մեր տնտեսությունն ու պետությունը պատրա՞ստ է այդ ծանրաբեռնվածությունը կրել, թե ոչ։ Եթե ոչ, ապա ինչ պետք է անենք, որ շատ արագ կարողանա այդ բեռն իր ուսերին կրել»։
Սակայն Արամյանը պնդեց, որ դա ֆինանսների նախարարության տիրույթից դուրս է. «Միգուցե ՊՆ-ի մեր գործընկերներն իրենց վերլուծություններն ու գնահատականներն ունեն, բայց մենք նայում ենք ընդհանուր ֆինանսավորման տեսանկյունից։ 2016թ. ինչ ծրագրել էինք պաշտպանության ոլորտում՝ ամբողջությամբ կատարել ենք. 226 մլրդ դրամի ծախսերն ամբողջությամբ իրականացվել են։ Ամեն դեպքում, դա այս հաշվետվությունից դուրս է»։