Բաժիններ՝

Տեղեկանք 2017 թ. առաջին կիսամյակում ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում մահացության դեպքերի մասին. ՀՔԱՎ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում 2017 թ. առաջին կիսամյակում մահացության դեպքերի վերաբերյալ  լրատվամիջոցներով եւ պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկատվության ուսումնասիրության արդյունքները: Համաձայն դրա՝ 2017 թ.-ի հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում մահացել է 23 ժամկետային և 13 պայմանագրային զինծառայող, ընդհանուր թվով՜ 36 զինծառայող:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր մահացության 136 դեպք, որի գերակշիռ մասը՝ 77 զինծառայող,  2016 թ. ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով: Ամբողջ 2016 թ-ի մահացության թվերի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ճշտված տեղեկությունները ներկայացված են 2017 թ-ի հուլիսի 6-ին հրապարակված «2016 թ-ին ՀՀ զինված ուժերում եւ ԼՂ պաշտպանության բանակում արձանագրված մահվան դեպքերի վերաբերյալ ճշտված տեղեկությունների մասին» տեղեկանքում: 2017-ի առաջին կիսամյակում մահացության 36 դեպքից 16-ը հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով են, 4-ը՝ սպանության, 6-ը՝ դժբախտ պատահարների, 6-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու և 4-ը՝ առողջական։ 34-ի վերաբերյալ կան պաշտոնական հաղորդագրություններ, մյուս 2 դեպքերի վերաբերյալ տեղեկություններ հավաքագրվել են միայն ԶԼՄ հրապարակումներից։

2 զինծառայողի դեպքում մահացությունը տեղի է ունեցել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, իսկ 1-ի դեպքում՝ աշխատանքի գնալու ճանապարհին, մյուս դեպքերում զինծառայողները գտնվել են ծառայության մեջ: 30 մահացության դեպքերով հարուցվել են  քրեական գործեր, իսկ մյուս 6-ով քրեական գործ հարուցելու վերաբերյալ տեղեկություն չկա: Տեղեկանքում մահացության թվերը ներկայացված են նաև նախորդ տարիների համեմատությամբ՝ ըստ հանգամանքների:

Ըստ դրա՝ եթե 2013-2017 թթ. մահացությունների դեպքերը դիտարկենք առանց 2016 թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում պատերազմական գործողությունների հետեւանքով մահվան դեպքերի՝ կնկատենք, որ 2013-2017 թթ. ընթացքում ավելի շատ մահացություններ գրանցվել են խաղաղ պայմաններում /92/, քան հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով /76/: Ուսումնասիրելով հրադադարի ռեժիմի խախտման ժամանակ կիրառված զինատեսակները և դրանց կիրառման քանակը՝ նկատում ենք, որ կիրառված զինատեսակների քանակը կտրուկ աճել է: Տեղեկանքում ներկայացված են նաև մահացության առանձին դեպքերը՝ մանրամասն նկարագրությամբ:

Տեղեկանքն ամբողջությամբ՝ այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս