Վարդան Արամյանը՝ գնաճի մասին
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը համաձայն է Կենտրոնական բանկի դիտարկումներին, որ գնանկման պատճառներից մեկը նաև համաշխարհային շուկայում հումքային և պարենային ապրանքների գնանկման ներթափանցումն էր մեր տնտեսություն։ Այս մասին նախարարն ասաց կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում։
«Այս տարի ակնհայտ էր, որ պետք է դա վերականգնվեր, որովհետև գնանկումային միջավայրից հետո, եթե աճում է նաև ներքին պահանջարկը, և կան դրական զարգացումներ, բնականաբար, այդ գները պետք է հետ գան»,- ասաց Վարդան Արամյանը՝ նշելով, որ մերի նման տնտեսության համար պատահական չէ, որ 4 տոկոս թիրախ է ընտրվել։
«4 տոկոս գնաճն այն գնաճն է, որն ընդհանուր տնտեսության մեջ ռեսուրսների վերաբաշխման համար ճիշտ հենքեր է ստեղծում, որպեսզի տնտեսական աճը չտուժի»,- ասաց Վարդան Արամյանը։ Նա նշեց, որ իր մանդատը չէ վերլուծություն կատարել, թե կոնկրետ ապրանքի գինն ինչի համար է բարձրանում։ «Որպեսզի ես այդպիսի դատողություն անեմ, պետք է նաև արժեշղթան վերլուծեմ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ ընդհանուր մակրոտնտեսական վերլուծություն է կատարում և կարծում է, որ 1.6 տոկոս գնաճն արդարացված է։