«Նույնիսկ փաստաթուղթ ենք ստորագրել, որ մինչև 2025թ. դրա մասին քննարկումներ ընդհանրապես չլինեն». Արթուր Ջավադյան
«ԿԲ-ում դուք ընդհանրապես վերլուծե՞լ եք, թե ՀՀ-ի անդամակցումը ԵՏՄ-ին, ի վերջո, ինչպիսի ազդեցություն է ունեցել մեր տնտեսության վրա։ ԵՏՄ շրջանակներում արդյո՞ք տեսնում եք որևէ պոտենցիալ, որ այնտեղ ընդհանուր միասնական դրամային միավոր ներդրվի և ՀՀ-ն միանա դրան»,- այսօր ԱԺ-ում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին նման հարցադրումով դիմեց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Պատասխանելով հարցադրման նախ երկրորդ մասին, Ջավադյանն ասաց, որ ԵՏՄ անդամ բոլոր պետությունների Կենտրոնական բաների հետ որոշում են ընդունել՝ մինչև 2025թ. դրա մասին ընդհանրապես խոսք չի լինելու. «2025թ. հետո պետք է նայենք այն իրավիճակը, որում կգտվնեն ԵՏՄ երկրների տնտեսությունները, հետո նոր կսկսենք քննարկել այդ արժույթի մասին։ Այս պահին մենք ոչ թե պատրաստ չենք, այլ գոնե 20 տարվա կտրվածքով այդ մասին խոսք լինել չի կարող։ ՀՀ դիրքորոշումն այդ հարցում շատ կոշտ է։ Մենք նաև վկա լինելով ԵՄ միասնական արժույթի դրական և բասական կողմերին՝ ահագին դասեր ենք քաղել, և պատճառներից մեկն էլ դա է, որ բոլոր երկրներն էլ ուզում են զերծ մնալ նույնիսկ այդ մասին խոսելուց։ Մենք նույնիսկ փաստաթուղթ ենք ստորագրել, որ մինչև 2025թ. դրա մասին քննարկումներ ընդհանրապես չլինեն»։
Ինչ վերաբերում է հարցին, թե ԵՏՄ-ին անդամակցելն ինչ ազդեցություն է ունեցել ՀՀ տնտեսության վրա, ապա Ջավադյանը պատասխանեց. «Օրինակ՝ ո՞նց չի ազդել ՀՀ-ի վրա, եթե ՌԴ քաղաքացիները հնարավորություն ունեն ռուսական անձնագրով այցելել Հայաստան։ Զբոսաշրջիկների քանակը մոտ 30%-ով աճել է այս տարի»։