Բաժիններ՝

«Խելամիտ քաղաքականության դեպքում ամեն ինչի կարելի է հասնել». Արթուր Ջավադյան

2014 թվականից հետո Կենտրոնական բանկը 12 անգամ իջեցրել է վերաֆիանսնավորման տոկոսադրույքը, որը նպաստել է տնտեսական աճին` 0-ից բարձր: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախագահ Արթուր Ջավադյանը` նշելով, որ ցանկացած տնտեսություն կախված է միջազգային, գեոպոլիտիկ, հարևան երկրներում իրավիճակից, կախված է իր անդամակցած միությունների մաս կազմող երկրներից:

Անցած տարի Հայաստանի 0.2% տնտեսական աճը, ըստ նրա, պայմանավորված է հումքային ապրանքների գների և տրանսֆերտների կտրուկ նվազմամբ:

Մինչև 2040թ. Սերժ Սարգսյանի պահանջած 5% տնտեսական աճի վերաբերյալ Ա.Ջավադյանը նշեց, որ խելամիտ քաղաքականության դեպքում ամեն ինչի կարելի է հասնել, պետք է մի քիչ ամբիցիոզ լինել, իսկ 5%-ն այսօր աշխարհի մակարդակով բավականին լուրջ ցուցանիշ է:

Հարցին` բնակչության կենսամակարդակի վրա դա կազդի՞, ԿԲ նախագահը «եթե»-ներով պատասխանեց. «Եթե նոր աշխատատեղ է ստեղծվում` իհարկե, եթե մարդկանց եկամուտներն ավելանում են` իհարկե, եթե աղքատությունը կրճատվում է` իհարկե, ուրեմն մարդկանց վիճակը բարելավվում է»:

Կարդացեք նաև

Ա.Ջավադյանի կարծիքով` ՀՀ-ն մշտապես վարել է ամբիցիոզ, հավասարակշռված քաղաքականություն, որի շնորհիվ Հայաստանը նախկին ԱՊՀ երկրների համեմատ գտնվում է բավականին լավ վիճակում.

«Մեր հետ համադրելի է միայն Վրաստանը: Մեր հետ համադրելի չեն ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ղազախստանը, ո՛չ Բելառուսը, ո՛չ Կիրգիզիան, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Մոլդովան, ո՛չ Ուկրաինան»:

Թե ինչո՞ւ են մարդիկ արտագաղթում Հայաստանից, եթե երկրում վիճակը լավ է՝ հարցին, ԿԲ նախագահը հակադարձեց՝ պատասխանելով, որ մարդիկ գնում են բոլոր երկրներից ավելի լավ ապրուստի տեղ, և մարդիկ արտագաղթում են անգամ Լեհաստանից, Ֆրանսիայից և այլն: Նա չհամաձայնեց դիտարկմանը, որ ՀՀ-ից մարդիկ արտագաղթում են արդարության բացակայության պատճառով. «Դա ձեր կարծիքն է»:

«Ես չեմ տեսել, որ պաշտոնյաները հարստանում են Հայաստանում, ինձ թվում է` ամեն ինչ թափանցիկ է»,- ասաց նա` խորհուրդ տալով պաշտոնյաների դղյակների մասին հարցնել հենց նրանց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս