«Հայերը շատ լավն են». Պյոտր Սվիտալսկի
«Խնդրում եմ՝ այս գումարը ներդրեք, որպեսզի Հայաստանի քաղաքացիական հասարակությունն ավելի ուժեղ դառնա»,- այսօր ԵՄ կողմից ֆինանսավորվող «STRONG CSOs» ծրագրի կազմակերպած «Քաղաքացիական հասարակությունը հանուն զարգացման» խորագրով հանրային միջոցառման ժամանակ, որի ընթացքում հայտարարվեցին դրամաշնորհներ ստացած հասարակական կազմակերպությունների անունները, այս մասին ասաց Պոդլասկայի ներկայացուցիչ Յարոսլավ Վորոբեյլը։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր խոսքում նշեց, որ առաջին անգամ են փորձում փոքր դրամաշնորհների սխեման ներկայացնել Հայաստանում.
«Մենք քաջալերված ենք շարունակելու այս մոտեցումը, և մենք շնորհակալ ենք Պոդլասկա թիմին՝ այս ամենը հաջողությամբ պսակելու համար։ Ընդամենը 17 հաջող ծրագիր է լինելու, բայց մենք կշարունակենք չհանձնվել, նոր դրամաշնորհների ծրագիր ենք այս տարի հայտարարելու»։
Հասարակական կազմակերպությունների համար, ըստ դեսպանի՝ առաջիկայում նոր ծրագրեր էլ կլինեն.
«Մենք՝ որպես ԵՄ, շարունակելու ենք մեր հզոր օժանդակությունը՝ Հայաստանի քաղաքացիական հասարակությանը. սա մեր առաջնահերթություններից մեկն է։ Մենք կարծում ենք, որ սա կարևոր է ՀՀ սովորական քաղաքցիների, և հատկապես՝ մարզերի համար։ Սա կարող է նպաստել աշխատատեղերի ստեղծմանը, բիզնես զարգացմանը և սոցիալական կյանքի բոլոր ոլորտների զարգացմանը»։
Պյոտր Սվիտալսկին կարևորեց նաև Լեհաստանի պատվիրակության այցը՝ ընդգծելով, որ Հայաստանը կարող է շատ բան սովորել Լեհաստանից. «Հայաստանի տեղական համայնքները, գյուղերը բավական սահմանափակ են՝ բյուջեի առումով, և ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի ղեկավարությունը մտածում է ՏԻՄ-երի զարգացման մասին, որովհետև դա առաջ տանող ճանապարհն է։ Հայաստանը շատ բան կարող է սովորել Լեհաստանի նման երկրների փորձից, որտեղ շատ հզոր ՏԻՄ-եր կան, և որը Լեհաստանի անկյունաքարերից մեկն է։
Լեհաստանում շատ ամուր է քաղաքացիական հասարակությունը։ Ես այն շատ լեհերից մեկն եմ, որն իր հարկերի մեկ տոկոսը ծախսում է՝ սուբսիդավորելու քաղաքացիական կազմակերպություններին, և ես դրանով հպարտանում եմ։ Կարծում եմ՝ այն, ինչ մենք ունենք Լեհաստանում՝ քաղաքացիական ակտիվիզմի առումով, շատ կարևոր է»։
Դեսպանն ընդգծեց, որ Լեհաստանի ամենագեղեցիկ նախաձեռնություններից մեկն այն է, որ շատ քաղաքներ ունեն քաղաքացիական բյուջեներ. «Դա նշանակում է, որ համայնքի բյուջեի մի մասը որոշվում է հենց քաղաքացիական հասարակության կողմից, նրանք քվեարկում են, թե ինչ տեսակի ծրագրեր են ցանկանում իրականացնել։ Սա հզորացման զգացմունք է, որ մարդիկ իրենք կարող են որոշել, թե բյուջեի որ մասը՝ ուր պետք է գնա»։
Եզրափակելով, դեսպանը կրկնեց, որ Հայաստանը շատ բան կարող է սովորել այդ փորձից, և հավելեց՝ հայերը շատ լավն են՝ սովորելու առումով։