Մեկ տարի՝ «Մանչեսթեր Յունայթեդում». ակումբի կայքն ամփոփել է Մխիթարյանի մրցաշրջանը
Հայաստանի ագգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն մեկ տարի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ է: Մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքն առաջարկում է վերհիշել Մխիթարյանի մեկ տարին ակումբում՝ նշելով, որ իրենց հայ կիսապաշտպանը պարբերաբար մրցանակներ նվաճեց լավագույն գոլերի համար, ինչպես նաև խփեց մրցաշրջանի լավագույն գոլը՝ կարիճ հարվածով: Ըստ կայքի՝ Մխիթարյանն ակումբում արդեն իսկ պատմություն է կերտել՝ Եվրոպա լիգայի 5 արտագնա խաղերում դառնալով գոլերի հեղինակ:
Հուլիս 2016 (3 խաղ, 1 գոլ)
Մխիթարյանը եկավ «Յունայթեդ» և ասաց, որ կատարվել է իր երազանքը: Մխիթարյանը լավ խաղաց իր առաջին միջմրցաշրջանային խաղում՝ «Ուիգանի» հետ, ինչպես նաև կարողացավ գոլի հեղինակ դառնալ իր նախկին ակումբի՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում:
Օգոստոս 2016 (4 խաղ, 0 գոլ)
Օգոստոսին Մխիթարյանը ստացավ իր առաջին մրցանակը՝ թիմի հետ խաղթելով Անգլիայի սուպերգավաթում : «Լեսթերի» հետ սուպերգավաթային խաղում Մխիթարյանը փոխարինեց Մատային: Մեկ շաբաթ անց Մխիթարյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, ով խաղաց Պրեմիեր լիգայում: Մոուրինիոն նշեց, որ Մխիթարյանը դեռ նորեկ է, և նրան դեռ ժամանակ է պետք հարմարվելու համար:
Չնայած մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը նշում է, որ Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն էր, ով խաղաց Պրեմիեր լիգայում, պետք է նշել, որ ավելի վաղ Պրեմիեր լիգայում խաղացել է նաև հայազգի Անդրանիկ Թեյմուրյանը, ով, սակայն, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է:
Սեպտեմբեր 2016 (1 խաղ, 0 գոլ)
Սա ամենաբարդ ու զայրացնող ամիսն էր Մխիթարյանի համար: Հավաքականում ֆուտբոլիստը վնասվածք ստացավ և բացակայեց որոշ ժամանակով: Այնուհետև Մխիթարյանը խաղաց մանչեսթերյան դերբիում, ինչը նրա համար շատ անհաջող էր:
Հոկտեմբեր 2016 (0 խաղ, 0 գոլ)
Հոկտեմբերին Մխիթարյանը չմեկնեց Հայաստան՝ շարունակելով վերականգնվել Մանչեսթերում: Մոուրինիոն նշեց, որ Մխիթարյանը հրաշալի ֆուտբոլիստ է, ում վերականգնվել է պետք: Ըստ մարզչի՝ Մխիթարյանին շատ խանգարեց վնասվածքը, սակայն ամեն ինչ դեռ առջևում էր:
Նոյեմբեր 2016 (4 խաղ, 0 գոլ)
Նոյեմբերին Մխիթարյանը վերադարձավ՝ խաղալով Եվրոպա լիգայում՝ «Ֆեյենորդի» հետ խաղում: Այս խաղում երկրպագուները տեսան նոր Մխիթարյան: Նրանք հոտընկայս ծափահարեցին Մխիթարյանին, իսկ խաղից հետո էլ կոչեցին լավագույնը:
Այն հարցին, թե արդյո՞ք սա վերադարձ և նոր սկիզբ էր, Մխիթարյանը պատասխանեց, որ հույս ունի:
Դեկտեմբեր 2016 (5 խաղ, 3 գոլ)
Դեկտեմբերը Մխիթարյանի ամիսն էր: Երկրպագուները տեսան այն խաղը, որին սպասում էին: Առաջին գոլը Մխիթարյանը խփեց «Զարյա Լուգանսկի» դեմ խաղում: Օրեր անց «Օլդ Թրաֆորդում» նա խփեց իր թիմի միակ և հաղթական գնդակը «Տոտենհեմի» դարպասը:
Դեկտեմբերին նա խփեց գնդակ, որը դեռ երկար կմնա պատմության մեջ: «Սանդերլենդի» դեմ խաղում Մխիթարյանը գրավեց դարպասը կարիճ հարվածով, իսկ խաղից հետո էլ ասաց, որ դա իր կարիերայի լավագույն գոլն էր:
Հունվար 2017 (5 խաղ, 1 գոլ)
Հունվարին Մխիթարյանը կրկին հրաշալի մարզավիճակում էր: Նրա ՝ «Ուիգանի» դարպասը խփած գոլը կրկին ճանաչվեց լավագույնը: Բացի այդ գոլից, Մխիթարյանը շատ օգնեց Մոուրինիոյի թիմին՝ շատ կարևոր գոլային փոխանցում կատարելով Մատային՝ Լիգայի գավաթի կիսաեզրափակչում:
Փետրվար 2017 (5 խաղ, 2 գոլ)
Ըստ մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքի՝ փետրվարը ևս դրական ամիս էր Մխիթարյանի համար: Նա ապացուցեց, որ լավ է խաղում թե՛ տանը և թե՛ դրսում: Նա գեղեցիկ գոլեր խփեց «Լեսթերի» և «Սենտ-Էտյենի» հետ խաղերում:
Մխիթարյանը վնասվածքի պատճառով չմասնակցեց Լիգայի գավաթի եզրափակչին, բայց, միևնույն է, այս ամիսը նրա համար շատ հաջող ստացվեց:
Մարտ 2017 (3 խաղ, 1 գոլ)
Մարտ ամսին Մխիթարյանը կարևորագույն գոլ խփեց իր թիմի համար: Եվրոպա լիգայում Մխիթարյանը կարողացավ գրավել «Ռոստովի» դարպասը։ Մարտին տեղի ունեցավ հավաքականների դադար, որին Մխիթարյանը մեկնեց հրաշալի մարզավիճակում: MUTV-ի հետ զրույցում Մխիթարյանն ասաց, որ իրենց թիմը հրաշալի է, իրենք լավ են խաղում, և ինքը հուսով է, որ թիմը մրցանակներ կնվաճի:
Ապրիլ 2017 (8 խաղ, 3 գոլ)
5 ամսում Մխիթարյանը 4 անգամ նվաճեց ամսվա լավագույն գոլի համար նախատեսված մրցանակը: Սա հրաշալի արդյունք է: Ապրիլին Մխիթարյանը միայն մեկ խաղ բաց թողեց, իսկ մնացած 8 խաղերում դարձավ 3 գոլի հեղինակ:
Մայիս 2017 (6 խաղ, 1 գոլ)
Մխիթարյանի համար մայիսը ևս հիշարժան ամիս էր. ամեն օր չէ, որ հաղթում ես Եվրոպա լիգայում: Ամբողջ տարին թիմի խաղերում մեծ ներդրում ունենալով՝ Մխիթարյանը եզրափակչում ևս օգնեց իր թիմին՝ խփելով ակրոբատիկ գոլ: Եվ, զարմանալի չէ, որ նրա գոլը կրկին ճանաչվեց ամսվա լավագույնը:
Սիրարփի Աղաբաբյան