«Կառավարությունը լրջորեն է տրամադրված և պատրաստ է աստիճանաբար լուծել խնդիրը». Հայկ Հարությունյան

Հայաստանի չգազիֆիկացված համայնքներին ջերմային էներգիայով ապահովելու վերաբերյալ ՀՀ վարչապետի հանձնարարականի շրջանակում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը մշակել և սահմանված ժամկետում կառավարությանն է ներկայացրել առաջարկությունների փաթեթ՝ այլընտրանքային եղանակով խնդրի լուծման վերաբերյալ։ Խոսքը, մասնավորապես, արևային ֆոտովոլտային պանելների և ջրատաքացուցիչների, պելետային կաթսաների կամ վառարանների կիրառման մասին է։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի փոխանցմամբ, իրականացված ուսումնասիրությունների և կատարված հաշվարկների հիման վրա յուրաքանչյուր համայնքի վերաբերյալ ներկայացվել է կոնկրետ առաջարկություն։

«Նախապատվությունը տրվել է առաջին հերթին ջրատաքացուցիչների կիրառմանը։ Դա չգազիֆիկացված համայնքների մեծ մասի տաք ջրի խնդրի լուծման լավագույն և փոխշահավետ տարբերակն է» ,- ասել է Հայկ Հարությունյանը։

Ջրատաքացուցիչների կիրառումն իհարկե միակ տարբերակը չէ։ Առանձին համայնքների համար հնարավոր է համարվում նաև գազիֆիկացման իրականացումը։ Այդ խնդիրը դիտարկվել է նաև Հայաստանի գազամատակարար ընկերության հետ։

«Ներկայացված առաջարկությունների փաթեթը, ըստ ամենայնի, առաջիկայում կքննարկվի կառավարությունում։ Հավանության արժանանալուց հետո կսկսվի ծրագրի իրականացումը։ Սակայն դրա համար կպահանջի բավական երկար ժամանակ և լուրջ ֆինանսական միջոցներ։ Ամեն դեպքում կառավարությունը լրջորեն է տրամադրված և պատրաստ է աստիճանաբար լուծել խնդիրը։ Սկզբնական շրջանում նախապատվությունը կտրվի հատկապես սահմանամերձ համայնքներին»,- նշել է Հայկ Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս