Դեպի Հայաստան դրամական փոխանցումները 2017թ. առաջին եռամսյակում (ըստ վճարային հաշվեկշռի)
Դրամական փոխանցումները դեպի Հայաստանի Հանրապետություն 2017 թվականի հունվար-մարտին կազմել են 240.2 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 16%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2017թ. հունվար-մարտ ամիսների վճարային հաշվեկշռի վերաբերյալ զեկույցից։
Նշենք, որ ըստ վճարային հաշվեկշռի մեթոդաբանության՝ դրամական փոխանցումներն իրենցից ներկայացնում են աշխատողների զուտ վարձատրությունը և տնային տնտեսությունների միջև դրամական և բնեղեն արտահայտությամբ տրանսֆերտները՝ ինչպես ընթացիկ, այնպես էլ կապիտալ։
Սեզոնային աշխատողների կողմից ստացված զուտ աշխատավարձը (առանց վճարված եկամտահարկի և արտերկրում կատարված այլ ծախսումների) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 10.1 մլն դոլարով՝ կազմելով 77.9 մլն դոլար։
Ինչ վերաբերում է ծառայություն մատուցող սեզոնային աշխատողների զուտ եկամուտներին, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանք աճել են 2 մլն դոլարով և կազմել 15.5 մլն դոլար (արտերկիր սեզոնային աշխատանքի մեկնողների մի մասի ստացած եկամուտը դասակարգվում է ոչ թե որպես աշխատավարձ, այլ որպես ծառայությունների արտահանում, քանի որ նրանց դեպքում չկան գործատու աշխատող հարաբերություններ)։
Տնային տնտեսությունների անձնական տրանսֆերտների ներհոսքը աճել է 18.4 մլն դոլարով՝ կազմելով 142.1 մլն դոլար՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի 123.8 մլն դոլարի դիմաց։
Ինչ վերաբերում է մասնավոր հատվածի կապիտալ տրանսֆերտներին, ապա այս ժամանակահատվածում դրանց ներհոսքը աճել է 2.6 մլն դոլարով և կազմել 4.6 մլն դոլար։