Որ ապրանքների ներմուծումն է ամենից շատ նվազել 2013-2017թթ.
2017 թվականի հունվար-մարտին ներմուծման ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 19.4%-ով կամ 130.4 մլն դոլարով։
Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2017թ. հունվար-մարտ ամիսների վճարային հաշվեկշռի վերաբերյալ զեկույցում, ներմուծման գործոնային վերլուծությունը ցույց տալիս, որ 2017թ. հունվար-մարտին նշանակալի տեսակարար կշիռ ունեցող ապրանքների գծով արձանագրված աճը իրականացվել է առավելապես ֆիզիկական ծավալի աճի հաշվին, իսկ միավորի միջին գնի հաշվին արձանագրվել է ներմուծման ծավալների նվազում։
2013-2017 թվականների հունվար-մարտ ժամանակահատվածում, ըստ լայն տնտեսական դասակարգման (BEC), Հայաստանի ներմուծման կառուցվածքում առավել շատ անկման միտում է դրսևորվել «Տրանսպորտային սարքավորումներ», «Վառելիք և վառելանյութ» և «Մթերք և խմիչք» ապրանքային բաժինների գծով։
«Տրանսպորտային սարքավորումների» գծով տարեկան անկումը կազմել է 10.4%, «Վառելիք և վառելանյութի» գծով՝ 9.1%, իսկ «Մթերք և խմիչքի» գծով՝ 4.2%:
ԿԲ-ն նաև նշում է, որ եթե ուսումնասիրվող ժամանակահատվածում արտադրության կազմակերպման համար նախատեսվող ապրանքների (կապիտալ ապրանքների ու արտադրական պաշարների) գծով անկումը կազմել է 0.5%, ապա սպառման ապրանքների (մթերք և խմիչք ու սպառման ապրանքների) գծով արձանագրվել է 3.3% նվազում։
Միաժամանակ, այդ ընթացքում, եթե սպառման ապրանքների ու մթերքի տեսակարար կշիռն աճել է 1.5 տոկոսային կետով, ապա արտադրության կազմակերպման համար նախատեսվող ապրանքների տեսակարար կշիռն աճել է 1.3 տոկոսային կետով։