«Նա նայեց ինձ բարկացած և լուրջ հայացքով ու ասաց, որ ես դառնալու եմ մեծագույն ֆուտբոլիստ». Մխիթարյանը՝ Տուխելի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին խոսել է անգլիական ակումբի պաշտոնական կայքի լրագրողների հետ: Այս անգամ Մխիթարյանը խոսել է իր մանկության և իր հոր՝ Համլետ Մխիթարյանի, նախկին մարզիչների հետ հարաբերությունների մասին:
Մխիթարյանը նշել է, որ իր հոր մահից հետո է սկսել մարզվել: Համլետ Մխիթարյանը եղել է Հենրիխի կուռքն ու մոտիվացնող ուժը.
«Ես ասում էի, որ պետք է հարվածեմ և վազեմ նրա նման: Միշտ մարզվում էի, 10 տարեկանից չէի կարողանում առանց ֆուտբոլի: Սիրում էի ստեղծարար ֆուտբոլիստների՝ Զիդանին, Կակային, հորս: Հայաստանում ինձ շատ են ասում, որ խաղալիս և վազելիս ես շատ նման եմ հորս»:
Մխիթարյանը նշել է, որ իր հոր շնորհիվ է, որ ինքը դարձել է ֆուտբոլիստ: Եթե Համլետ Մխիթարյանը ողջ լիներ, ապա Հենրիխը կարող էր դառնալ բժիշկ կամ իրավաբան:
Հենրիխը խոսել է նաև «Բորուսիայում» անցկացրած տարիների մասին՝ նշելով, որ ինչպես Անգլիայում, դորտմունդյան ակումբում ևս իր համար մեկնարկը բարդ էր:
«Ինքս ինձ վրա շատ էի աշխատում: Օրերով մտնում էի իմ սենյակ ու մտածում էի: Անգամ դուրս չէի գալիս ընթրելու: Շատ ծանր ժամանակներ էին ինձ համար»,- ասել է նա:
Մխիթարյանը նշում է, որ իր համար շատ կարևոր էր այն պահը, որ դորտմունդյան ակումբ գնաց Թոմաս Տուխելը: Ըստ Մխիթարյանի՝ Տուխելը թիմում փոխեց ամեն ինչ:
«Նա ինձ ասաց, որ ես պետք է հանգիստ լինեմ ու ամեն ինչ միջիցս հանեմ: Նա փորձում էր ամեն կերպ օգնել ինձ: Ես կասկածում էի, որ ամեն ինչ լավ կլինի: Նա նայեց ինձ բարկացած և լուրջ հայացքով և ասաց, որ ես դառնալու եմ մեծագույն ֆուտբոլիստ»:
Սիրարփի Աղաբաբյան